Վրաստանում հանրային տրանսպորտը վերսկսեց աշխատանքը

Վրաստանում 1 ամսվա դադարից հետո այսօրվանից հասարակական տրանսպորտը վերսկսեց աշխատանքը: Համապատասխան որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում՝ երկրում համաճարակային իրավիճակի համեմատաբար կայունանալուց ելնելով:

Խորհրդի որոշմամբ` այս փուլում մնացած բոլոր սահմանափակումներն ուժի մեջ են մնում: Դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում:

Մարզական  միջոցառումները կշարունակվեն անցկացվել  առանց հանդիսատեսի, միջոցառումների մասնակիցները պետք է պատվաստված լինեն, կամ վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխան ներկայացնեն կամ հակագենի թեստ, որը վավեր է 24 ժամվա ընթացքում:

Կրթական թեմայով որոշումն անփոփոխ է` հանրային դպրոցներում նոր ուսումնական տարին մեկնարկում է  հեռավար` սեպտեմբերի 15-ին` բացառությամբ առաջին դասարանցիների: Որոշվել է, որ առաջին դասարանցիների համար ուսումնական տարին կմեկնարկի դասարաններում` հոկտեմբերի 4-ին: