Հայաստանյան ՀԿ-ներն աջակցում են Վրաստանի քաղհասարակությանը

Հայաստանում գործող մի քանի Հասարակական կազմակերպություններ և հանրային գործիչներ հայտարարություն են տարածել Վրաստանում «Գործակալների մասին» օրենքի ընդունման վերաբերյալ։

Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների հայտարարությունը հաջակցություն Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացներին տարածում են «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնող կենտրոն ՀԿ-ն, Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը, Գյումրու երիտասարդական միությունը, Համայնքների մոբիլիզացիայի և աջակցության կենտրոն ՀԿ-ն, Իրազեկ քաղաքացիների միավորումը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, Human Rights Power ՀԿ-ն, Հանրային լրագրության ակումբը, հասարակական գործիչ, ազգագրագետ Գայանե Շագոյանը, ռուս ընդդիմադիր նկարիչ Վասիլի Մասլովը, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն, «Փինք Արմենիա» իրավապաշտպան ՀԿ-ն, «Ազատ քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոնը», «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Օրենքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։

«Թբիլիսիում ոստիկանությունը դաժան ուժ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել երեկ խորհրդարանի դիմաց ընթացող խաղաղ բողոքի ակցիան ցրելու նպատակով։ Ոստիկանության կիրառած դաժան ուժի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ, ուսանողներ, երիտասարդներ տուժել են», — նշում են նրանք։

Հաղորդագրության մեջ ընդգծում են, որ երեկ առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» խնդրահարույց օրենքը, ըստ էության, պիտակավորում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, լրատվամիջոցների և այլ ոլորտներում անկախ գործունեություն իրականացնող կազմակերպություններին, խմբերին և անհատներին․

«Սահմանափակում են նրանց սահմանադրական իրավունքները, գործունեությունը, հանրային ընկալումներում ստեղծում է կեղծ պատմություններ դեմոկրատական-քաղաքացիական հասարակության գործունեության վերաբերյալ՝ մեղադրելով նրանց այլ պետություններին ծառայելու մեջ։

Մենք անընդունելի և դատապարտելի ենք համարում հարևան եղբայրական երկրում մարդկանց ազատ կամքի և իրավունքի նկատմամբ խաղաղ հավաքներ և ժողովրդավարական գործընթացներ անցկացնելու նմանատիպ ճնշումը»։

ՀԿ-ները և հասարակական գործիչները իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնում վրացի գործընկերներին, կազմակերպություններին և անհատներին, ովքեր պայքարում են սեփական  երկրում ազատության, ժողովրդավարության և Սահմանադրությամբ հաստատված եվրոպական ուղու համար։

Հաղորդագրության մեջ նշվում է՝ հարևան Վրաստանում նման վիճահարույց օրենքի ընդունումը մեծապես կվնասի այդ երկրի քաղաքացիական հասարակության զարգացմանը, մարդու իրավունքներին ու ազատություններին, ինչպես նաև, ընդհանրապես, տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացներին։

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր գործընկեր կազմակերպություններին և անհատներին, ովքեր հարևան եղբայրական Վրաստանում պայքարում են հանուն ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների և ժողովրդի ընտրած ուղու», — հավելում են ՀԿ-ները և հասարակական գործիչները։