Ուրախ եմ, որ էներգետիկ համաձայնագրում շեշտվել է վերականգնվող էներգիան. Լեյեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Twitter-յան իր միկրոբլոգում գրել է. «Ուրախ եմ, որ Ռումինիայի, Հունգարիայի, Վրաստանի և Ադրբեջանի էներգետիկ համաձայնագրում նման մեծ շեշտադրում է արվում վերականգնվող էներգիայի վրա»:

Լեյենը նշել է, որ Սև ծովի երկու ափերը՝ արևմտյան և արևելյան, երբեք այսքան չեն մերձեցել։

«Այժմ էլեկտրաէներգիայի ավելի ամուր փոխկապակցում կստեղծվի»,- գրել է Լեյենը:

Ի դեպ, Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան ստորագրել են Սև ծովով էլեկտրաէներգիայի փոխանցման ստորջրյա մալուխի նախագիծը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ռումինիայում: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Փաստաթուղթը հիմնված է չորս երկրների շահերի վրա՝ կապված Սև ծովի ավազանում ազգային և տարածաշրջանային էներգետիկ անվտանգության և կապի ամրապնդման, մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման, Կասպից ծովի տարածաշրջանում վերականգնվող էներգիայի արտադրության ներուժի կապիտալացման և վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացման հետ:

Քառակողմ միջկառավարական համաձայնագիրը նախատեսում է վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիա փոխադրելու համար Ռումինիայի և Ադրբեջանի միջև Վրաստանի և Սև ծովի տարածքով ստորջրյա մալուխային ծրագրի իրականացում։