Եվրոպան կմիանա ոչ միայն Վրաստանին, այլև ողջ Հարավային Կովկասին. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ռումինիայում կայացած «Ռազմավարական գործընկերությունը կանաչ էներգիայի զարգացման և բաշխման գործում» քննարկման ժամանակ ասել է, թե Եվրոպան, միացնելով Վրաստանի, Ռումինիայի, Ադրբեջանի և Հունգարիայի էլեկտրահաղորդման գծերն ու համակարգերը, կկարողանա միանալ ոչ միայն Վրաստանին, այլև ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին:

Ըստ վարչապետի` Վրաստանը` որպես հուսալի տարանցիկ գործընկեր, հիդրոռեսուրսների մատակարարման շղթայի կարևոր օղակ է Կասպից ծովի ավազանից դեպի արևմուտք էներգակիրների տարանցման հիմնական տարածաշրջանային ուղու վրա։

Ըստ Ղարիբաշվիլիի՝ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր հարթություն կբերի այս նախագծի իրականացումը։

«Հարգելի բարեկամներ, մի քանի տարի առաջ Վրաստանի նախաձեռնությամբ սկսվեցին աշխատանքները մի նախագծի վրա, որը կապահովի Կովկասյան տարածաշրջանի ու Եվրոպայի էներգետիկ կապը բարձրավոլտ ստորջրյա հաղորդման գծի միջոցով։ Ստորագրելով կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը՝ մենք այսօր հաստատում ենք մեր պատրաստակամությունը կանաչ էներգիայի մատակարարման համատեքստում սերտ համագործակցության համար»,- ասել է վարչապետը:

Նշենք, որ Եվրամիությունը ծրագրում է Սև ծովում ռազմավարական ստորջրյա հաղորդման գիծ կառուցել, որը Վրաստանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանը կմիացնի Եվրամիությանը, այս դեպքում՝ Ռումինիային։ Հաղորդման գիծը կողմերը կօգտագործեն «Կանաչ էներգիան Եվրամիություն արտահանելու համար», և դրա կառուցման վրա կծախսվի մոտ 2,3 մլրդ եվրո։

Նման էլեկտրահաղորդման գծի ստեղծման մասին առաջին անգամ հայտնի դարձավ հոկտեմբերին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը ծրագրում է էներգիա արտահանել Եվրոպա և քննարկում է Վրաստանի տարածքն օգտագործելու հարցը։ 

Ավելի ուշ` նույն նպատակով, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելեց Հունգարիա, որտեղ տեղի ղեկավար Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ հայտնի դարձավ, որ հունգարական կողմը ծրագրում է նվազեցնել կախվածությունը ռուսական էներգիայից և դիվերսիֆիկացնել շուկան՝ նշված նախագիծն իրականացնելով։