Թբիլիսիում «ռուսական օրենքը» գովազդող պաստառներ են տարածում․ քաղաքապետարանը թույլտվություն չի տվել

Թբիլիսիում պատերին, կանգառներում, գետնանցումներում և այլ վայրերում «ռուսական օրենքը» գովազդող պաստառներ են տարածում, որոնք պարունակում են իշխանության թեզերը տարածող բովանդակությամբ տեքստեր։ 

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարում է, որ թույլտվություն չի տվել քաղաքի տարբեր հատվածներում «ռուսական օրենքը» գովազդող պաստառներ փակցնելու համար։ Թբիլիսիի փոխքաղաքապետ Կախաբեր Գուլեդանին հայտարարել է, որ քաղաքապետարանը նաև հետաքննություն է սկսել՝ բացահայտելու այն անձանց, ովքեր առանց թույլտվության փակցրել են պաստառները։

Հատկանշական է, որ երեկ՝ ապրիլի 9-ի առավոտից մայրաքաղաքի տարբեր փողոցներում «օտարերկրյա գործակալների մասին օրենքը» գովազդող պաստառներ են հայտնվել՝ ճիշտ նույն պատկերով ու բովանդակությամբ, որով վերջին օրերին սոցիալական ցանցերում կիսվում են պետական ​​պաշտոնյաներն ու «Վրացական երազանք»-ի առաջնորդները։

«Քաղաքի տարբեր վայերում առանց թույլտվության պաստառներ փակցնելը` թե քաղաքական, և թե ոչ քաղաքական բովանդակությամբ, անշուշտ օրենքի խախտում է», — ասել է փոխքաղաքապետը՝ ընդհանրացնելով, որ կհեռացվեն բոլոր պաստառները։

Ապրիլի 8-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում քննարկվեց և պաշտոնապես գրանցվեց «գործակալների մասին» օրենքի նախագիծը: Քննարկումն ընթացավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև աղմուկի ու հակասությունների պայմաններում։

Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։ «Վրացական երազանք»-ի հետ առնչություն ունեցող էջերում հրապարակված գրառումները, որոնցում «գործակալների օրենքը» ներկայացվում էր դրական լույսի ներքո և կառավարության փաստարկները, թե «ինչու օրենքը ռուսական չէ», Facebook-ում նշվում է որպես կեղծ տեղեկատվություն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի նախաձեռնությունը, չնայած այն բանին, որ նրանք 2023-ին հայտարարել էին, որ այս օրինագիծն այլևս չի քննարկվի:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։ 

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-նՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:

Իշխանությունը, «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` խառնաշփոթից օգուտ քաղելու նպատակով. սրանով իսկ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները: