Թբիլիսիի մի շարք երթուղիներում ավտոբուսների թիվն ավելանում է

Ապրիլի 13-ից մայրաքաղաք Թբիլիսիի 7 երթուղում 12 մետրանոց ավտոբուսների քանակը կավելանա:

Ըստ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի՝ ավտոբուսների թիվը կավելանա մայրաքաղաքի 304, 307, 311, 315, 339, 351 և 385 երթուղիներում: Նրա խոսքով, կանգառներում սպասելու ժամանակը, ժամը տարբեր ուղղություններով կկրճատվի 6-ից 15 րոպեով։

«Բոլոր երթուղիներում աստիճանաբար18 մետրանոց ավտոբուսներ են գործարկվելու, ինչի մասին բազմիցս խոսվել է, ավտոբուսները բաշխվելու են ըստ անհրաժեշտության», — ասել է Կալաձեն։

Նշենք, որ Թբիլիսիի տարբեր երթուղիներում հունվարից գործարկվել են 18 մետրանոց ավտոբուսները: 

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն 2023-ի նոյեմբերի 7-ին Մյունխեն կատարած այցի ընթացքում հայտնել էր, որ մինչև դեկտեմբերի վերջը մայրաքաղաք կժամանեն 50 նոր ավտոբուսներ, որոնք երթուղիներով կշարժվեն հունվարից։ 

Կալաձեն Թբիլիսիի տրանսպորտային գծերին 18 մետրանոց ավտոբուսներ ավելացնելու խոստում է տվել դեռ 5 տարի առաջ՝ քաղաքապետի պաշտոնում իր առաջին պաշտոնավարման 1-ամյակին: