18 մետրանոց ավտոբուսներ ևս 4 երթուղում

Լուսանկարը՝ radiotavisupleba.ge-ից

Մարտի 2-ից Թբիլիսիում լրացուցիչ երթուղիներով 18 մետրանոց ավտոբուսներ կերթևեկեն, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Կալաձեն նշել է՝ ավտոբուսները սկզբում կերթևեկեն մեծ ուղևորահոսքով երթուղիներով։

«Սկզբում մենք ընտրել ենք չորս հիմնական ուղղություններ, որտեղ օրական 55 հազար ուղևորություն է գրանցվել։ Ուղևորների մեծ հոսքի պատճառով կարևոր էր, նախ, թեթևացնել այդ ուղղությունների բեռը»,- ասել է Կալաձեն։

Նրա խոսքով, ձեռք է բերվել 160 հատ 18 մետրանոց ավտոբուս, որից 50-ն արդեն Թբիլիսիում են, իսկ մնացածներն աստիճանաբար կբերվեն: Ըստ նրա՝ Թբիլիսիում 18 մետրանոց 200 ավտոբուսի կարիք կա. 40 միավոր ձեռք բերելու համար կհայտարարվի համախմբված մրցույթ։ 4 երթուղիներն են՝ N301, N308, N314, N302:

Ի դեպ, 2024 թվականի հունվարի 31-ի առավոտյան Թբիլիսիում սկսել է երթևեկել 18 մետր երկարությամբ առաջին ավտոբուսը։ Քաղաքապետարանը նոր ավտոբուսներ էր գործարկել միայն մեկ երթուղով:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն 2023-ի նոյեմբերի 7-ին Մյունխեն կատարած այցի ընթացքում հայտնել էր, որ մինչև դեկտեմբերի վերջը մայրաքաղաք կժամանեն 50 նոր ավտոբուսներ, որոնք երթուղիներով կշարժվեն հունվարից։ Ըստ Կալաձեի՝ Թբիլիսիում 18 մետրանոց ավտոբուսները կգործարկվեն հունվարից:

Կալաձեն Թբիլիսիի տրանսպորտային գծերին 18 մետրանոց ավտոբուսներ ավելացնելու խոստում է տվել դեռ 5 տարի առաջ՝ քաղաքապետի պաշտոնում իր առաջին պաշտոնավարման 1-ամյակին: