«Բորջոմի» ընկերության բաժնետոմսերը փոխանցվեցին պետությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ «Բորջոմի» ընկերության բաժնետոմսերը փոխանցվել են պետությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ հունիսի 13-ին, կառավարության նիստի մեկնարկից առաջ։

Վարչապետը չի մանրամասնել, թե պետությունը քանի տոկոս բաժնետոմս կունենա, սակայն նշել է, որ բաժնետոմսերը Վրաստանի կառավարությանը փոխանցվել են անվճար։

«Վրաստանը դառնում է «Բորջոմի» գործարանի համասեփականատեր։ Սա անվճար գործարք է։ Բոլոր խնդիրները, որոնք ունեցել են «Բորջոմին» ու նրա աշխատակիցները՝ աշխատելու, ղեկավարելու և ընդհանրապես գործելու մեջ, կլուծվեն»,- ասել է Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունիսի 6-ին, վարչապետը հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը կդառնա «Բորջոմի» ընկերության համասեփականատեր։

Ընկերությունը ժամանակավորապես դադարեցրեց արտադրական գործընթացը Բորջոմիի երկու շշալցման գործարաններում այս տարվա ապրիլի 29-ից։

Պետությունը կդառնա «Բորջոմիի» համասեփականատեր