Մեդալի երկու կողմերը. ըստ իշխանությունների` Մելիայի ձերբակալումը «ցիվիլ քայլ էր»

«Այսօր տեղի ունեցած հատուկ գործողության ընթացքում որևէ մեկը չի տուժել, և սա ամենակարևորն է»,- իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությունից մի հատված է:

Մինչդեռ, Վրաստանի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ բախումների ընթացքում 17 անձի բուժօգնություն է ցուցաբերվել, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց:

Ներքին գործերի նախարարության և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության աջակիցների հետ բախումների հետևանքով բերման է ենթարկվել 21 քաղաքացի: Նշվում է նաև, որ հետաքննության նպատակով, գրասենյակից առգրավվել են սերվերներ։

Ի դեպ, «Վրացական երազանքը» րոպեներ առաջ տարածած հայտարարության մեջ նշում է, որ այս պահին կիբերհարձակումներ են տեղի ունենում արդեն իրենց սերվերների վրա:

Բացի Կալաձեից, «փայլուն» իրականացրած հատուկ գործողության մասին արդեն խոսել է երկրի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով վարչապետի պաշտոնում արդեն երկրորդ անգամ հայտնվելու առաջին ժամերի ընթացքում հասցրել է արժանանալ միջազգային գործընկերների քննադատությանը:

«Ղարիբաշվիլիի ագրեսիվ հռետորաբանություն» արտահայտությունն այսօր արդեն հանդիպել է Transparency international Georgia, ԱՄՆ դեսպանության հայտարարություններում:

Այսօր Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում հերոս է որակել ոստիկանությանը, նշել, որ ուժայինները բարձրագույն չափանիշներով են աշխատել: Ըստ նրա, սա բացարձակապես ցիվիլ, ժողովրդավարական երկրին բնորոշ գործունեություն էր։