Եվրոպական ո՞ր երկրներ մեկնելիս են գործում սահմանափակումներ Վրաստանի քաղաքացիների համար

Վրաստանի քաղաքացիները որոշ եվրոպական երկրներ այցելելու համար ստիպված չեն ներկայացնել կորոնավիրուսի թեստ կամ պատվաստման վկայական, իսկ որոշ երկրներում դեռևս գործում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ։ Հունիս ամսվա դրությամբ եվրոպական երկրների մեծամասնությունը չեղարկել է սահմանափակումները։

Հունիսի սկզբին հետևյալ երկրները հանել են բոլոր սահմանափակումները․ Ալբանիա, Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Մոլդովա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Սերբիա, Սլովենիա, Շվեդիա, Շվեյցարիա և Միացյալ Թագավորություն։

Սա նշանակում է, որ միջազգային այցելուներից չի պահանջվի ներկայացնել առողջության հետ կապված որևէ փաստաթուղթ:

Ինչ վերաբերում է այն երկրներին, որտեղ դեռևս գործում են Covid-19-ի սահմանափակումները, օրինակ՝ Էստոնիան, ԵՄ անդամ չհանդիսացող երկրների այցելուներից պահանջում է պատվաստման փաստաթուղթ, ապաքինման վկայական կամ թեստի բացասական արդյունք։ Հակառակ դեպքում այցելուն ստիպված կլինի 7 օր մնալ մեկուսացման մեջ։ Վրաստանի քաղաքացին ևս Էստոնիա մեկնելու դեպքում ունի երկու ընտրություն, կամ՝ մեկուսացում, կամ՝ կորոնավիրուսի թեստ։

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա երկիրը մեղմացրել է վիրուսի հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ, թեև այստեղ կարևոր է, թե որ երկրից է այցելուն։ Ֆրանսիան շատ երկրներ է ներառել այսպես կոչված կանաչ ցուցակում։ Վրաստանի քաղաքացին ամբողջությամբ պատվաստված լինելու դեպքում կարող է ճամփորդել Ֆրանսիայում։

Մալթան հանել է կարանտինի պահանջը հունիսի 6-ից, թեև երկիր մուտք գործելու համար դեռևս պահանջվում է պատվաստում, առողջության վկայական և/կամ բացասական թեստ։

Ինչ վերաբերում է Նիդերլանդներին, ապա այստեղ ճանապարհորդության արգելքը դեռևս գործում է Շենգենյան գոտուց դուրս, և այցելուները պետք է ներկայացնեն պատվաստման կամ ապաքինման փաստաթուղթ՝ երկիր մուտք գործելու համար։

Պորտուգալիա մեկնելիս դեռևս պահանջվում է պատվաստում, ապաքինման վկայական և/կամ թեստի բացասական արդյունք: Սլովակիա կարող են այցելել այն քաղաքացիները, ովքեր պատվաստվել կամ ապաքինվել են Covid-19-ից։

Իսպանիա մեկնելիս, ԵՄ անդամ երկրներից բացի, մյուս երկրների, այդ թվում Վրաստանի քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստման փաստաթուղթ, ապաքինման վկայական կամ թեստի բացասական արդյունք։