Թբիլիսի–Վաշինգտոն համագործակցությունը հնարավոր է կանգ առնի․ պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը ասել է, որ Վրաստանի հետ համագործակցությունը շարունակելու համար դեռ ժամանակ կա, թեև դրա համար կառավարությունը պետք է փոխի իր որդեգրած կուրսը։

Միլլերն այսպես է պատասխանել լրագրողի հարցին՝ «Վրաստանում ցուցարարները ենթարկվում են ֆիզիկական բռնությունների. կոնկրետ քայլեր կձեռնարկվե՞ն, որոնք կհաստատեն ԱՄՆ-ի պնդումները, որ ԱՄՆ-ն կանգնած է վրաց ժողովրդի կողքին»:

«Մենք խորապես մտահոգված ենք օրենքի դեմ բողոքի ակցիաների մասնակիցների դեմ ձեռնարկված գործողություններով և զարգացումներով: Մենք տեղեկություններ ունենք քաղաքացիական հասարակության, ընդդիմության ակտիվիստների, լրագրողների նկատմամբ ոտնձգությունների և հարձակումների մասին: Մենք դատապարտում ենք դա և կոչ ենք անում լիարժեք, անկախ և ժամանակին հետաքննություն աանցկացնել»,- ասել է Միլլերը։

Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը նաև հավելել է. «Մենք հաջողությամբ համագործակցել ենք Վրաստանի հետ ավելի քան 30 տարի և կցանկանայինք շարունակել այն: Համագործակցության համար դեռ ժամանակ կա, բայց Վրաստանի կառավարությունը պետք է փոխի կուրսը»:

Միլլերին ուղղած մեկ այլ հարցին՝ «Արդեն պարզ է, որ Վրաստանի իշխանություններն անտեսել են այս շենքից հնչեցված բոլոր նախազգուշացումները, և ժամանակը չէ՞, որ պետքարտուղարը (Էնթոնի Բլինքենը-հեղ.) ուղղակիորեն ներգրավվի, հեռախոսազանգ կատարի Վրաստան և հայտարարի՝ բավական է»:

Միլլերն այս հարցին այսպես է պատասխանել. «Ես միշտ բարձր եմ գնահատում քաղաքականության ուղղությամբ ձեր (հավանաբար՝ նկատի ունի լրագրողների-հեղ.) ներգրավվածությունը, բայց մենք բաց ենք եղել մեր քաղաքականության վերաբերյալ, և ես նախապես ոչինչ չեմ ասելու այն մասին, թե ինչ ենք անելու այս շենքից»: