Աղմկահարույց «Գործակալների» օրենքի կիրարկումը Ռուսաստանում

Մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրինագծին. 83 պատգամավոր կողմ է քվեարկել, 23-ը՝ դեմ։ Մինչդեռ Թբիլիսիում շարունակվում են բազմահազարանոց բողոքի ցույցերը։ Նոր օրենքը քաղաքացիների մեծամասնությունը դիտարկում է որպես Կրեմլի աճող ազդեցության ցուցանիշ: Aliq Media-ն խնդրել է AliqRu-ի (Լավա Մեդիա) ռուս գործընկերներին պատմել, թե ինչպես է նույն օրենքն ընդունվել Ռուսաստանում և ինչ հետևանքների է հանգեցրել: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Ռուսական օրենք» անվանումը ստացած «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարելի է համարել իրավական կամայականության ստանդարտ օրինակ, երբ առաջին հայացքից ավելի քան 10 տարի առաջ ներդրված անվնաս նորմը համակարգված կերպով խստացվում է, կորցնում օրենքի կիրառման տրամաբանական շրջանակը։ «Օտարերկրյա գործակալի» կարգավիճակը ռուս լրագրողների, ինչպես նաև հասարակական և քաղաքական գործիչների համար դարձել է կորոնավիրուսի նման մի բան, որն անհասկանալի պատճառներով երբեմն կարող է շրջանցել ոմանց, հնարավոր է` ախտանիշերը չերևան, բայց նույնիսկ կարող է սպանել։ Եվ, ըստ երևույթին, այս վիրուսը դեռ չի հասել իր ծայրահեղության գագաթնակետին (մահացության)։

Նպատակային միջոցառումներից մինչև զանգվածային խտրականություն

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանում «օտարերկրյա գործակալի» կարգավիճակը կերպարանափոխվել է՝ դրսից առնվազն նվազագույն գումար ստացող անհատի կամ կազմակերպության համար, որն, իշխանությունների կարծիքով, «զբաղվում է քաղաքական գործունեությամբ», խիստ նվաստացուցիչ, բայց ամեն դեպքում նոմինալ պիտակից վերածվել է իրական պատժիչ գործիքի։ «Օտարերկրյա գործակալ» տերմինը թեև ռուսական օրենսդրության մեջ հայտնվել է դեռևս 2012 թվականին, առաջին 5-7 տարիների ընթացքում այն ​​գործնականում չէր արձանագրվում լայն հանրային դիսկուրսում։ Գաղափարի անհեթեթությունը, սակայն, տեսանելի էր նույնիսկ այն ժամանակ։ Առաջին «օտարերկրյա գործակալների» թվում էին դեռ 2014-ին «Голос» ( «Ձայն» ) շարժումը (ընտրությունների դիտորդներ), «Դոնի կանայք» իրավապաշտպան կազմակերպությունը (զբաղվում են չեչենական պատերազմների և Բեսլանի ահաբեկության զոհերի հարցերով) և «Սոցիալական քաղաքականության և գենդերային հետազոտությունների կենտրոնը» (զբաղվում է կանանց իրավունքները և ընտանեկան բռնության խնդիրներով):

Արդարադատության նախարարությունը, չգիտես ինչու, «Հակակոռուպցիոն հիմնադրամին» (Ալեքսեյ Նավալնիի) հասավ 2019 թվականին միայն։ Վերջինս ցուցակում հայտնվեց 195-րդ տեղում և բառացիորեն անմիջապես սկսեց տուգանքներ ստանալ որոշակի կանոնակարգեր չկատարելու համար՝ առավելագույնը 500 հազար ռուբլի: Հիմնականում Նավալնիի հայտնիության, իր ակնհայտ ռուսամետության և արդարության համար պայքարի, ինչպես նաև «Հակակոռուպցիոն հիմնադրամի» տուգանքները վճարելու համար «ազգային հավաքագրումների» շնորհիվ շատ հայրենասեր ռուսներ համոզվեցին «օտարերկրյա գործակալների» օրենքի անհեթեթության մեջ:
Այնուամենայնիվ, «օտարերկրյա գործակալի» կարգավիճակն իսկապես լայնորեն քննարկվող երևույթ դարձավ միայն 2021 թվականին, երբ իշխանություններն այն շնորհեցին Meduza հրատարակությանը` պարտավորեցնելով սոցիալական ցանցերում բոլոր հրապարակումներն ու հաղորդագրությունները նշել հատուկ հերքումով. «ԱՅՍ ՈՒՂԵՐՁԸ (ՆՅՈՒԹ) ՍՏԵՂԾՎԵԼ ԵՎ (ԿԱՄ) ՏԱՐԱԾՎԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ»:

Հատկանշական է, որ Meduza-ի խմբագիրները գործել են շատ կրեատիվ՝ խնդրելով ընթերցողներին ուղարկել իրենց սեփական ձայնով ուղեկցվող բացատրական տեքստը՝ փոդքասթերում օգտագործելու համար: Բառերը պետք է դանդաղ ընթերցվեին. օրենքով, աուդիո ձևաչափով նախազգուշացումը պետք է տևեր առնվազն 15 վայրկյան: Բայց մարդիկ տարբերակներ գտան անհատականությունը դրսևորելու այլ ձևերով՝ փոխելով ինտոնացիան, առոգանությունը, ձայնի բարձրությունը կամ, օրինակ, քահանայի խոսքը նմանակելով:

Լրագրողների շրջանում հերքման տեքստը ստացել է անպարկեշտ, բայց տեղին անուն` «ебала»: «Դուք կիրառելո՞ւ եք ебала-ն»,- հարցնում էին նորանշանակ «օտարերկրյա գործակալ-ֆիզիկական անձանց», երբ այդ կարգավիճակը սկսեց տարածվել նրանց վրա՝ սկսած 2020 թվականից։

Ուրբաթ օրը ողջ ռուսաստանյան քաղաքականացված հասարակության համար դարձել է ծիսական օր. շաբաթվա վերջի ժամը 21:00-ից մինչև 22:00-ն արդարադատության նախարարությունն իր կայքում տեղադրում է «օտարերկրյա գործակալների» նոր ցուցակը: Երբեմն, սակայն, դա չի վերբեռնվում, ինչն արդեն ավանդույթը խախտելու տպավորություն է ստեղծում:

Մեր օրերում քչերը կհիշեն, որ գոյություն ունեն «օտարերկրյա գործակալների» մի քանի տեսակներ։ Եվ եթե կազմակերպությունը (ՀԿ կամ լրատվամիջոց), թեև դժվարությամբ և ֆինանսական կորուստներով, այնուամենայնիվ կարող է դիմակայել խտրական կարգավիճակ ստանալու հետևանքներին, ապա անձնական գործակալությունն իսկապես վատ նորություն է, հատկապես եթե դուք չունեք որակյալ իրավական աջակցություն:

Եթե հիմա վերընթերցեք ռուս քաղաքական գործիչների և լրագրողների ընդամենը մի քանի տարի առաջ արված օրենքի մասին հայտարարությունները, կարող եք զարմանալ, թե ինչ աստիճանի անհեթեթ  և անհամապատասխան է վերջինս: «Դոժդ» հեռուստաալիքի խմբագիր Տիխոն Ձյադկոն, օրինակ, պնդում էր, որ այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ RT-ն և ՏԱՍՍ-ը, տարբեր ժամանակներում մասնակցել են ԵՄ այն նախագծերին, ինչի համար «Դոժդ»–ը համարվել է «օտարերկրյա գործակալ»: Այլ տարօրինակ պատմություններ էլ են արձանագրվել. օրինակ` Հայաստանի քաղաքացուց 200 ռուբլի ստանալու  համար «օտարերկրյա գործակալ» պիտակավորումը: Սա որոշ ժամանակ շփոթություն առաջացրեց. կազմակերպությունները պարզապես վախենում էին, որ փոխանցում կստանան Բելառուսի, Ուկրաինայի կամ Ղազախստանի քաղաքացուց, ինչը կփչացնի իրենց սովորական կյանքը: Ի վերջո, սակայն, ակնհայտ դարձավ, որ, ըստ էության, որոշումները կայացվում են զուտ կամավորության սկզբունքով․ երբ դա պետք է իշխանություններին կամ նրանց որոշ օղակներին։ Այժմ սովորական անձնական վրեժխնդրության դեպքերն այլևս հազվադեպ չեն։

Ժամանակի ընթացքում փոխվել է պետության մոտեցումն իր որոշումը բացատրելու հարցում։ Սկզբում ցուցակում ընդգրկվելու պատճառը պարզելու համար պետք էր դիմել դատարան և սպասել արդարադատության նախարարության պատասխանին։

Արդարադատության նախարարությունն այնուհետև սեփական կայքում հերթական ցուցակը հրապարակելիս, «ինոագենտ» համարվող կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվան դիմաց սկսել է գրել երկրի անունը, որից իբր ֆինանսավորվում է։ Շատ հաճախ դա Ուկրաինան էր, ինչը միայն ուժեղացնում էր աբսուրդի աստիճանը. ուղղակի անհնար էր պատկերացնել, որ ուկրաինական ՀԿ-ները և հատկապես պետությունը կարող են գումար հատկացնել ռուս լրագրողներին կամ, օրինակ, Մաքսիմ Գալկինին։ Այժմ գրանցամատյանը ներառում է կարճ բացատրություն՝ «Ռուսաստանի իշխանությունների գործունեության մասին կեղծ տեղեկությունների տարածում» և «Ռուսաստանից դուրս բնակվող» ձևակերպումներով։

Օրենքը որպես «համաշխարհային պրակտիկա» հիմնավորելիս ռուսական իշխանությունները հաճախ բերում էին ամերիկյան FARA-ի օրինակը, որը ներդրվել է դեռևս 1930-ականներին՝ պայքարելու նպատակով գերմանական ազդեցության դեմ, իսկ հետո շատ սկանդալային կերպով կիրառվեց նաև ամերիկացի կոմունիստների նկատմամբ: Ռուսական տեսակետի առաջնորդները, փորձագետները և լրագրողները, այդ թվում՝ Եկատերինա Շուլմանը և Ալեքսեյ Վենեդիկտովը, բազմիցս ուսումնասիրել են այս փաստարկի անհամապատասխանությունը հենց այն պատճառով, որ ռուսական օրենսդրությունը, ի տարբերություն ամերիկյան իրավունքի, ոչ մի կերպ չի նշում կապը գործակալի և պրինցիպալի միջև, ինչպես օրինականորեն կոչվում է հրաման տվողը:

Իսկապես, եթե օտարերկրյա հիմնադրամը ձեզ դրամաշնորհ է տվել ռուսական ընդդիմության գործունեությունը բացառապես դրական լույսի ներքո ներկայացնելու համար, ապա դա բավականին մեծ արտաքին ազդեցություն է ներքաղաքական գործընթացների վրա։ Հիշյալը, սակայն, դեռ ապացուցման կարիք ունի, և միանգամայն հնարավոր է, որ գործակալի և պրինցիպալի միջև որևէ կապ չլինի։ Օրինակ, «Դոժդ»-ի լրագրողը կարող է իր քարտի վրա գումար ստանալ օտարերկրյա գործընկերոջից որպես ծննդյան նվեր, այլ ոչ թե որպես հոնորար Պուտինի դեմ հրապարակումների շարքի համար։ Շատ զարմանալի է նաև նրանց չափազանց լայն շրջանակը, ովքեր կարող են ճանաչվել որպես օտարերկրյա գործակալներ.

  • ռուսական կամ օտարերկրյա իրավաբանական անձ, անկախ նրա կազմակերպչական և իրավական ձևից,
  • հասարակական միավորում, որը գործում է առանց իրավաբանական անձ ձևավորելու, անձանց այլ միավորում, օտարերկրյա կառույց՝ առանց իրավաբանական անձ ձևավորելու,
  • ֆիզիկական անձ՝ անկախ նրա քաղաքացիությունից։

Դժվար թե որևէ մեկի զարմանալի թվա, որ Deutsche Welle-ի, BBC-ի և «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումները ֆինանսավորվում և աջակցվում են արտասահմանյան կառույցների կողմից, բայց եթե այդ հրապարակումները ներառված են եղել ռուսաստանյան օտարերկրյա գործակալների ցանկում, ապա ինչու չեն բոլոր արտասահմանյան հրատարակությունները, որոնք ռուսերենով նյութեր են հրապարակում, օտարերկրյա գործակալներ: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ «Սինհուա» լրատվական գործակալությունը դեռ չի գրանցվել որպես «օտարերկրյա գործակալ», եթե ​​ուկրաինացի լրագրող Ռոման Ցիմբալյուկը, որը մինչև 2022 թվականը պարբերաբար մասնակցում էր Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսներին, «օտարերկրյա գործակալ» է:

Դիմակների ժամանակներն անցել են, դրանք բոլորը հետևողականորեն դուրս են նետվել՝ բացահայտելով օրենքի հիմնական իմաստը՝ հնարավորություն ունենալ խնդիրներ ստեղծել անհավատարիմ խաղացողների համար ոչ միայն քաղաքական դաշտում, այլև Ռուսաստանի ողջ հասարակական կյանքում։

Պատերազմական միջոցառումներ

2022-ին պետությունը նույնիսկ դադարեց ձևացնել, թե օտարերկրյա գործակալի կարգավիճակը ինչ-որ կերպ կապված է ֆինանսավորում ստանալու հետ, այժմ նրանք բացեիբաց սկսեցին ասել, թե այդ կազմակերպություններն «օտար ազդեցության» տակ են և կարող են արտահայտվել ինչպես ասես։ 2022 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների փաթեթը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության տակ գտնվող անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության մասին»։ Վերջինս արգելում է «օտարերկրյա գործակալներին» զբաղվել մանկավարժական գործունեությամբ, հրապարակել անչափահասների համար որևէ զեկուցագիր (դասագրքեր, մանկական գրքեր), աշխատել պետական ​​կառույցներում, ստանալ պետական ​​ֆինանսավորում, կազմակերպել հանրային միջոցառումներ, լինել ընտրական հանձնաժողովների անդամ և նպաստել թեկնածուների առաջադրմանը (օրինակ` աջակցություն Բորիս Նադեժդինին):

Խստացման հաջորդ փուլը 2024 թվականին էր, երբ «օտարերկրյա գործակալ» համարվող լրատվամիջոցներին արգելվեց գումար վաստակել գովազդից։ Ավելի ճիշտ՝ Ռուսաստանում տեղակայված բիզնեսներին արգելվել է իրենց գովազդը տեղադրել «օտարերկրյա գործակալների» ռեսուրսներով աշխատող ԶԼՄ-ներում, իսկ «օտարերկրյա գործակալներին» արգելվել է գումար վերցնել գովազդի համար։ Պատասխանատվությունը երկու կողմերի վրա է:

Բացի այդ, իշխանություններն ակնհայտորեն առաջին քայլն արել են «օտարերկրյա գործակալների» մեջբերումն արգելելու ուղղությամբ, ինչպես արդեն իսկ «անցանկալի կազմակերպությունների» դեպքում, որոնք, բարեբախտաբար, կարող են նշանակվել միայն օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից։ Մեկնաբանության հարցում պատշաճ ջանասիրությամբ ռուսական դատարանը կարող է «օտարերկրյա գործակալի» ռեսուրսի պարզ հղումը համարել գովազդ, և նրանք դատարանի որոշում կայացնելիս, անշուշտ, չեն անհանգստանա նման ծառայության համար վճարման ապացույցով:

«Եթե, ասենք, խոսում ենք տեղեկատվական հաղորդագրության մասին, ապա եթե կա համապատասխան նշում, որ խոսքը օտարերկրյա գործակալի մասին է, ապա այստեղ սահմանափակումներ չկան», — նախաձեռնության հեղինակներից Անվտանգության և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Վասիլի Պիսկարյովը փորձում է հանգստացնել, սակայն ընդդիմադիր ռուսները վաղուց կորցրել են վստահությունը նման խոստումների նկատմամբ. եթե ցանկանան, կպատժեն ցանկացածին: Այս մոտեցումը, ըստ էության, դուրս է մղում «օտարերկրյա գործակալներին» օրինական իրավական դաշտից և, հետևաբար, ներկայացնում է ընտրություն՝ իսպառ կրճատել նախկին գործունեությունը կամ հեռանալ երկրից, առանց վերադառնալու հնարավորության։

«Ինքներդ պետք է որոշեք. կա՛մ երկրի հետ եք և մեկընդմիշտ հրաժարվում եք օտարերկրյա ֆինանսավորումից՝ հրաժարվում եք օտարերկրյա գործակալի կարգավիճակից, հետո միջոցներ ստանում երկրի ներսում: Բայց չի կարելի երկրին զրպարտել դրսից եկած փողի համար և այստեղ գովազդային միջոցներ հավաքել», — ասել է ՌԴ Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը։ Իրականում, այսօր կա միայն մեկ հայտնի դեպք, երբ մարդը կորցրել է «օտարերկրյա գործակալի» կարգավիճակը՝ բլոգեր Նիկոլայ Սոբոլևն է, որը նախկինում չափազանց կասկածելի էր (հայտնի «ամեն ինչ այնքան էլ պարզ չէ» արտահայտությունը), իսկ հիմա դարձել է բացահայտ իշխանամետ.

«Առայժմ օտարերկրյա գործակալների հետ ապրելը տանելի է, բայց զգացողություն կա, որ ապագայում դա պարզապես անտանելի կդառնա», — AliqRu-ին ասել է ձախակողմյան բլոգեր Անդրեյ Ռուդոյը, որը ճանաչվել է որպես «օտար գործակալ»: Սա առաջին հերթին Դամոկլյան սուր է` կախված լրագրողի կամ լրատվամիջոցի գլխին: Պարզ է, որ իշխանությունները մանրամասնորեն կարդում են գրածդ յուրաքանչյուր բառ, իսկ, օրինակ, արդարադատության նախարարությունը հետևում է գրեթե ամեն ինչին:

Զեկույցները պոտենցիալ չափազանց հիասթափեցնող պահ են «օտարերկրյա գործակալների» համար՝ բազմաթիվ թակարդներով: Դուք կարող եք դրանք հանձնել մեկ օր անց և հայտնվել վարչական, ապա քրեական պատասխանատվության տակ։ Դուք կարող եք այն լրացնել սխալ, և արդյունքը նույնն է: Նրանք նաև խորանում են օտարերկրյա գործակալի պիտակավորման մեջ։ Նախկինում թեթևակի կրճատված տարբերակ էր ցուցադրվում՝ մի քանի բառով ավելի կարճ։ Հիմա դրա համար տուգանում են։ Դուք կարող եք թուղթ ուղարկել պետական ​​մարմին՝ առանց մականշման, ինչպես նաև պատասխանատվության ենթարկվել»:

Ըստ Անդրեյի, սակայն, Ռուսաստանում արդեն ձևավորվել է օտարերկրյա գործակալների սերտ համայնք, որոնք կարող են լուծումներ առաջարկել վիճելի հարցերի վերաբերյալ, ինչպես նաև կան մի շարք իրավապաշտպաններ, որոնք իսկապես հեշտացնում են կյանքն այս առումով։

«Իրավապաշտպաններն օգնում են իրավաբանական անձանց գործակալների ռեեստրում գրանցման և հաշվետվությունների հարցում։ Այժմ օտարերկրյա գործակալի իմ կարգավիճակը մի քանի ամիսը մեկ թարմացվում է, որը տևում է մի քանի ժամ և մի քանի հարյուր ռուբլի: Այդ մարդիկ եթե չլինեին, ես ուղղակի կխեղդվեի փաստաթղթերի մեջ», — ասում է Ռուդոյը։

Օրենսդիրների հաջորդ քայլերը, ըստ AliqRu-ի զրուցակցի, կարող են լինել մասնավոր նվիրատվությունների արգելքը և ֆինանսական գործարքների ավելի մեծ վերահսկողությունը։ Դա, իհարկե, դժվար քայլ է. ի վերջո` ստիպված կլինենք ինչ-որ կերպ տարբերակել անձնական դրամական փոխանցումները (օրինակ` հարազատներից և ընկերներից) և բաժանորդների աջակցությունը: Այս հարցը, սակայն, մենք ևս լուծում ենք Կրեմլի համար։ «Ամեն ինչ, եթե իսկապես նեղ է, ես չեմ զարմանա, եթե օտարերկրյա գործակալներին արգելեն ունենալ հաշիվներ կամ էլ դրանք լրջորեն սահմանափակեն», — ասում է Անդրեյ Ռուդոյը: «Օրինակ, ահաբեկչական ցուցակում հայտնվածները կարող են ամսական կանխիկ գումար հանել միայն 10 հազար ռուբլի»: (Օրինակ՝ շախմատիստ Գարի Կասպարովը Ռուսաստանում ահաբեկիչ է ճանաչվել – խմբ.)

2023 թվականին Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորները քննարկեցին «օտարերկրյա գործակալներից» գույքը բռնագրավելու գաղափարը, բայց հետո ժամանակին դադարեցրին՝ հասկանալով, որ կարգավիճակը քրեականացված չէ: Արդյունքում, այս էներգիան վերափոխվեց «ռուսական բանակի մասին կեղծիքներ տարածելու» համար պատժամիջոցների ցանկում բռնագրավման մասին կետով, սակայն հնարավոր է, որ դա միայն ժամանակավոր դադար է։

Այս պահին միայն նրանք, ովքեր արդեն դուրս են ռուսական իրավական դաշտից (օրինակ՝ թաքնվում են արտերկրում քրեական հետապնդումից կամ աշխատում են անցանկալի կազմակերպությունում), և ովքեր չունեն գույք, որը կարող են կորցնել, կարող են ամբողջությամբ անտեսել իրենց «օտարերկրյա գործակալի» կարգավիճակը:

Այդ քաղաքացիների թվում է «Կոմերսանտ»-ի նախկին թղթակից և արևելագետ Մարիաննա Բելենկայան, որն այժմ ապրում է Իսրայելում և ուղղակիորեն համեմատում է «օտարերկրյա գործակալի» կարգավիճակը դեղին աստղի հետ, որը հարկադրված էր Երրորդ Ռայխում կարել հրեաների հագուստի վրա:

«Հրաժարվելով կատարել սահմանափակումները՝ ես տեղյակ էի, որ մոտ ապագայում չեմ վերադառնա Ռուսաստան»,- AliqRu-ին ասել է Բելենկայան՝ հավելելով, — «հավանաբար, ի տարբերություն շատերի, ինձ համար մի քիչ ավելի հեշտ էր դա անել, քանի որ ես Ռուսաստանում չունեմ ոչ գույք, ոչ էլ եկամտի աղբյուր։ Ես չէի ուզում ինձ վրա «դեղին աստղ» դնել, բայց լիովին հասկանում եմ մյուսների ընտրությունը, ովքեր դա անում են: Ես այժմ աշխատում եմ արտասահմանյան հրատարակչությունում, և եթե նույնիսկ ինքս պիտակ դնեի իմ սոցիալական ցանցերում, գործատուն դա չէր անի, ինչն անիմաստ կդարձներ ամբողջ խաղը։ Ես հավատում եմ, որ եթե ուզում են քեզ սխալ հանել, ամեն դեպքում դա կստեղծեն»։

Մինչ այժմ դատական ​​պրակտիկան ցույց է տվել, որ ոչ բոլոր արտագաղթողներն էին պատժվում՝ չկատարելու համար «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պահանջները։ Բայց դրանց կիրառման հնարավորությունները, այնուամենայնիվ, կուտակվում են և ապագայում կարող են մի տեղ երևալ։ Այսպիսով, բոլոր իմաստներով ամբողջովին անվնաս մարդիկ Ռուսաստանում դառնում են «ժողովրդի թշնամիներ»՝ առանց երկրին այդքան անհրաժեշտ քաղաքական քննարկմանը մասնակցելու հնարավորության։