ԱՄՆ-ի և այլ երկրների կառավարությունները մտահոգված են Սաակաշվիլիի խնդրով. Դեգնան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի հետ կապված հարցին։

Ըստ Դեգնանի՝ Սաակաշվիլիի վիճակը լուրջ է, և ԱՄՆ-ի ու շատ այլ երկրների կառավարությունները հետևում են իրավիճակին և մտահոգված են։

«Կառավարության պարտականությունն է համոզվել, որ պարոն Սաակաշվիլին ստանա իրեն անհրաժեշտ բժշկական օգնությունը:

Կարծում եմ, բոլորս կենտրոնացած ենք այդ խնդրի վրա` առաջին հերթին հասկանալու համար, թե ինչ ախտորոշում է, ինչ է անհրաժեշտ, և արդյո՞ք կառավարությունը համապատասխան օգնություն է ցուցաբերում»,- ասել է Դեգնանը:

Ի դեպ, Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայից երեկ հեռավար ռեժիմով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող իր գործով հերթական դատական նիստին։

Սաակաշվիլին դատավորին ու դահլիճում հավաքվածներին դիմել է ուկրաիներեն, այնուհետև ցույց է տվել, թե ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում։ «Ներողություն հակաէթիկական պատկերի համար: Ինձ տանջում են և թունավորում»,- ասել է Սաակաշվիլին՝ շապիկի տակից ցույց տալով հյուծված, վտիտ մարմինը։

«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով, Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա, թեև կլինիկան չի առարկի, եթե երրորդ նախագահը նման ցանկություն հայտնի։

Վրաստանի կառավարությունը լիովին պատասխանատու է Սաակաշվիլիի առողջության համար. եվրախորհրդարանականներ