Եվրադատարանը սկսել է խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայցի քննությունը

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA) հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգի դատարան) սկսել է 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց ներկայացրած հայցի քննությունը։

Գործը վերաբերում է 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության գաղտնիության զանգվածային խախտումներին, ինչն արձանագրել էին դիտորդները։

«Ստրասբուրգի դատարանը շեշտում է, որ հայցին կարող է տրվել զգալի ազդեցություն ունեցող գործի կարգավիճակ», — հայտնել է GYLA-ն հունվարի 22-ի ուշ երեկոյան տարածած կարճ հաղորդագրության մեջ։ Կազմակերպությունը նաև նշել է, որ գործի մանրամասները հանրությանը կներկայացնի հետագայում։

Ստրասբուրգի դատարանը կազմակերպության ներկայացրած հայցը գրանցել էր 2025 թվականի մարտին։

GYLA-ն վիճարկում է Եվրոպական կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության 3-րդ հոդվածի՝ ազատ ընտրությունների իրավունքի խախտման հարցը։

Կազմակերպության փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցում նշված է, որ անցկացված ընտրությունների ժամանակ ընտրական վարչակազմն իր պարտականությունների անպատշաճ կատարմամբ «զանգվածաբար խախտել է քվեարկության գաղտնիության հիմնարար սկզբունքը»։