Թբիլիսիի քաղաքապետարանը պլանավորում է մետրոյի «Նաձալադևի» կայարանի էլեկտրոդեպոյի վերականգնումը, հայտարարել է Կախա Կալաձեն կառավարության նիստում։ Նրա խոսքով՝ վերականգնողական աշխատանքների համար բյուջեից կհատկացվի 5 միլիոն լարի։
BMG-ի փոխանցմամբ՝ ներկայումս ընթանում են նախագծի նախապատրաստական աշխատանքները, և լրացուցիչ մանրամասներ, այդ թվում՝ իրականացվելիք աշխատանքների և ժամկետների մասին, հայտնի կդառնան ավելի ուշ։
Այսօրվա նիստում քննարկվել է նաև Թբիլիսիի 2026 թվականի բյուջեի ավելացման հարցը։
Կախա Կալաձեի խոսքով՝ համապատասխան փոփոխությունը մտնում է սակրեբուլոյի (ավագանու) 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Թբիլիսիի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման մեջ, որի համաձայն՝ մայրաքաղաքի հաստատված բյուջեին ավելանում է ևս 296 մլն 420 հազար 100 լարի։
Ըստ մայրաքաղաքի քաղաքապետի` փոփոխությունների հաշվառմամբ հատկացումները վերաբաշխվել են նոր առաջնահերթությունների հիման վրա։
Թբիլիսիի մետրոպոլիտենին սպասարկում է երկու դեպո՝ «Նաձալադևի» և «Գլդանի»։ Դրանցից «Նաձալադևի»-ն սպասարկում է Սաբուրթալոյի գիծը, իսկ «Գլդանի»-՝ Ախմետելի-Վարկեթիլի գիծը։