Ռուսաստանը Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում ներքին անձնագրերի տրամադրումից հետո դադարեցրել է նաև ռուսական վարորդական իրավունքի վկայականների պարզեցված կարգով տրամադրումը։
Այս տեղեկությունը հայտնել է Աբխազիայի պետական ավտոտեսչության վարչության պետ Դամեի Ավիձբան։
Մասնավորապես, փետրվարի 6-ին գերատեսչությունը Ռուսաստանի ՆԳՆ-ից նամակ է ստացել Դաշնային պետական ավտոտեսչության աշխատակիցների ժամանակավոր խմբի աշխատանքի դադարեցման մասին։ Այս խումբը 2025 թվականի ապրիլից Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող աբխազներին մատուցում էր աբխազական վարորդական վկայականները ռուսականով անվճար փոխանակելու ծառայություններ։
Ըստ Ավիձբայի՝ Աբխազիայի պետական ավտոտեսչության վարչությունը դադարեցրել է փաստաթղթերի ընդունումը, և հետագայում ռուսական վարորդական վկայականները հասանելի կլինեն միայն Ռուսաստանի Դաշնությունում։
2025 թվականի ապրիլին տրամադրման կետերի բացումից ի վեր, պարզեցված կարգով Ռուսաստանի վարորդական վկայական է ստացել Աբխազիայում մշտապես բնակվող ավելի քան 16 հազար ՌԴ քաղաքացի։
Մասնավորապես, այդ ժամանակահատվածում ռուսական վարորդական վկայական ստանալու համար գրանցվել է 19 հազար 140 հայտ, որոնցից 18 հազար 50-ը պատրաստվել է, իսկ 16 հազար 146-ն արդեն հանձնվել է տերերին։
2026 թվականի ապրիլի 1-ից Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող աբխազ վարորդներն առանց ռուսական վարորդական վկայականի այլևս չեն կարողանա տեղաշարժվել Ռուսաստանի տարածքում։