Կենսաթոշակային համակարգի յուրաքանչյուր մասնակցի խնայողությունը 5562 լարի է

Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամը հրապարակել է հաշվետվություն հիմնադրամի չափի վերաբերյալ 2026 թվականի հունվարի դրությամբ: Փաստաթղթի համաձայն՝ համակարգի մասնակիցների թիվը կազմում է 1 մլն 528 հազար 734, իսկ հիմնադրամի ընդհանուր ծավալը` 8,5 միլիարդ լարի: Համապատասխանաբար, կենսաթոշակային համակարգի մասնակցի խնայած գումարի միջին չափը կազմում է 5562 լարի:

Կենսաթոշակային հիմնադրամի տեղեկատվությամբ՝ 8,5 միլիարդ լարիի պորտֆելից 2,4 միլիարդ լարին կենսաթոշակային գործակալության ներդրումային գործունեությունից ստացված եկամուտն է: Անցած ամսվա ընթացքում կենսաթոշակային հիմնադրամի ակտիվների չափն աճել է 300 միլիոն լարիով:

Կուտակային կենսաթոշակային համակարգով խնայված գումարները քաղաքացիները կստանան կենսաթոշակային տարիքի հասնելիս՝ բազային պետական կենսաթոշակի հետ միասին: Տղամարդկանց համար կենսաթոշակային տարիքը 65-ն է, իսկ կանանցը՝ 60-ը: Այսպիսով, կուտակային համակարգում տղամարդիկ պետք է 5 տարի ավելի երկար խնայողություններ անեն, քան կանայք, մինչև կուտակային կենսաթոշակ ստանալը:

Այս պահի դրությամբ բնակչության կենսաթոշակային խնայողությունների 98,5%-ը, այսինքն՝ 8,4 միլիարդ լարին, տեղաբաշխված է ցածր ռիսկային ներդրումային պորտֆելում: Նշված պորտֆելի 80,2%-ը ներդրված է վրացական լարիի ներդրումային ակտիվներում, իսկ 19,8%-ը կամ 1,66 միլիարդ լարին անվանականացված է արտարժույթով: Այս գումարից 1,6 միլիարդ լարին տեղաբաշխված է միջազգային ֆոնդային բորսաներում: Լարիով ակտիվները հիմնականում տեղաբաշխված են վրացական բանկերի թողարկած ավանդային հավաստագրերում:

Քաղաքացիները կարող են փոխել իրենց կենսաթոշակային խնայողությունների ներդրումային պորտֆելը՝ դիմելով Արդարադատության տուն կամ Կենսաթոշակային գործակալություն, սակայն այս հնարավորությունից օգտվել է ընդամենը 10 հազար մարդ: