Վրաստանի մասնավոր ընկերությունները, որոնք գրանցվել են մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, «Ձեռնարկատերերի մասին» օրենքի պահանջների համաձայն՝ քաղվածքների թարմացման համար ժամանակ ունեն մինչև 2026 թվականի մարտի 31-ը:
Եթե ընկերությունները չթարմացնեն իրենց գրանցման տվյալներն օրենքին համապատասխան, ապա 2026 թվականի ապրիլի 1-ից նրանց գրանցումը կկասեցվի, ինչը կհանգեցնի ընկերությունների գործունեության դադարեցմանը։
Սա կազդի աշխատավարձերի և հարկերի վճարման, գործարքների իրականացման, գույքի տնօրինման և փաստացի բոլոր այն գործառույթների վրա, որոնք ընկերություններն իրականացնում են ամենօրյա ռեժիմով։
«Ձեռնարկատերերի մասին» օրենքի համաձայն՝ բիզնեսների գրանցման ժամկետը մեկ անգամ արդեն հետաձգվել էր. նախորդ անգամ պետք է ուժի մեջ մտներ 2025 թվականի ապրիլի 1-ին, սակայն ժամկետը երկարաձգվել էր մեկ տարով։
«Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը` գրանցված ձեռնարկությունը, բացառությամբ անհատ ձեռնարկատիրոջ, պարտավոր է մինչև 2026 թվականի ապրիլի 1-ն ապահովել ձեռնարկության և/կամ մասնաճյուղի գրանցման տվյալների համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին։ Այս նպատակով գրանցող մարմին պետք է ներկայացվի հիմնադիրների որոշումը, որն ընդունվում է ձեռնարկության վերջին՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գրանցված կանոնադրությամբ՝ ընդհանուր ժողովի որոշումների ընդունման համար սահմանված ձայների թվով»,- նշված է «Ձեռնարկատերերի մասին» օրենքում։