ԵԽԽՎ պատգամավորները` Վրաստանում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ավելի քան 20 պատգամավոր հարցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին և գլխավոր քարտուղարին՝ Վրաստանում ցուցարարների դեմ արգելված քիմիական նյութի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ։

«Քիմիական զենքի փորձագետների, վրացական հատուկ նշանակության ուժերի, ցուցարարների և բժշկական մասնագետների տվյալների հիման վրա BBC Eye-ի հետաքննությունը ցույց է տվել, որ «Կամիտ» նյութը, հնարավոր է, օգտագործվել է Վրաստանում 2024 թվականի նոյեմբերի 28-ին սկսված եվրոպամետ ցույցերի առաջին օրերին։ Դա նյութ է, որն օգտագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն 1930-ական թվականներին հանվել է օգտագործումից՝ դրա վնասակար ազդեցության պատճառով։

Վրաստանի գլխավոր դատախազին վերջերս ուղղված նամակում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Գիորգի Գվարակիձեն ընդգծել է, որ քիմիական նյութեր պարունակող ջրցանների օգտագործման հարցը պետք է քննարկվի դատախազության 2024 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին իրավապահ մարմինների աշխատակիցների կիրառած ուժի վերաբերյալ սկսված հետաքննության շրջանակներում, քանի որ այս պրակտիկան լուրջ հարցեր է առաջացնում օրինականության, անհրաժեշտության և համաչափության առումով», — ասված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների հայտարարության մեջ։

Պատգամավորներին հետաքրքրում են հետևյալ հարցերը.

Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Նախարարների կոմիտեն՝ ապահովելու համար, որ վրացական իշխանությունները մանրակրկիտ, արդյունավետ և անաչառ հետաքննություն անցկացնեն այս մեղադրանքների վերաբերյալ։

Արդյո՞ք Եվրոպայի խորհրդի մարմինները կօգնեն համապատասխան տեղեկատվություն ստանալ Գլխավոր քարտուղարի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 52-րդ հոդվածով նախատեսված մանդատի հնարավոր երկարաձգման դեպքում։

52-րդ հոդվածը նշում է, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի դիմումի դեպքում ցանկացած անդամ պետություն (ներառյալ Վրաստանը) պարտավոր է ներկայացնել բացատրություն այն մասին, թե ինչպես է իր ներքին օրենսդրությունն ապահովում Կոնվենցիայով նախատեսված որոշակի իրավունքի արդյունավետ պաշտպանությունը։