Տարեսկզբին առնվազն երեք կուսակցություն խորհրդարան կմտնի. Կոբախիձե

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ տարեսկզբի համար ակնկալում է, որ առնվազն երեք կուսակցություն կմտնի խորհրդարան: Նրա խոսքով՝ այս գործընթացը կմեկնարկի փետրվար- մարտին, քանի որ այդ ժամանակ են մեկնարկում նստաշրջանները:

«Մեր ենթադրությունն է, որ  մարտ ամսվա համար խորհրդարանն արդեն չի լինի միակուսակցական, ոչ էլ՝ երկկուսակցական կամ եռակուսակցական: Մենք սպասում ենք շատ ավելիին: Դեռ կոնկրետացնելն իսկապես բարդ է, սակայն գործընթացն անպայման կսկսի տարեսկզբից»,- հայտարարել է նա «Ռուսթավի երկուսի» եթերում:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ԿԸՀ-ի տվյալների համաձայն հաղթահարել են ընտրությունների անցողիկ շեմը, հրաժարվում են խորհրդարան մտնելուց, այդ պատճառով խորհրդարանը միակուսակցական է դարձել, ձևավորված միայն «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներով: