ՀՀ կառավարության նիստից հետո Factor.am-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Վրաստանի սահմանին հայ վարորդների տեղաշարժի խոչընդոտման խնդրահարույց հարցի շուրջ զրուցել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի հետ՝ վերջինիս Հայաստան կատարած այցի ժամանակ։
Պապոյանի խոսքով՝ Մարիամ Քվրիվիշվիլին խոստացել է պարզել հարցը, սակայն դեռ պատասխան չեն ստացել, ըստ նախարարի՝ Հայաստանի կառավարությանն անհասկանալի է, թե ինչու է վրացական կողմը կանգնեցնում Ռուսաստանից Վրաստան մուտք գործած հայ վարորդներին։
«Մեզ համար ևս այս իրավիճակն անհասկանալի է (հայ բեռնափոխադրողներին Վրաստանում երկշաբաթյա կանգնեցման փաստը)։ Մի քանի օր առաջ Հայաստանում էր Վրաստանի էկոնոմիկայի նախարարը։ Նա նշեց, որ դա իրենց գերատեսչության հետ կապ չունի, այլ առնչվում է Վրաստանի ֆինանսական ոստիկանությանը, որը ենթարկվում է ֆինանսների նախարարությանը։ Վրացական կողմի փոխանցմամբ՝ ֆինանսական ոստիկանությունը որոշակի խնդիրներ է տեսնում որոշ ապրանքների հետ կապված։ Ես խնդրեցի պարզաբանել, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը։ Մինչ այժմ պատասխան չենք ստացել դրա մասին», — ասել է նախարարը։
Հայկական պարբերականը գրել է, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ Վրաստանի տարածքով բեռներ տեղափոխող հայ վարորդները ահազանգում են, որ Ռուսաստանից Վրաստան մուտք գործելուց հետո վրացի սահմանապահներն անհասկանալի պատճառներով խոչընդոտում են իրենց տեղաշարժը։ Հիմնականում ճանապարհը շարունակելու թույլտվություն չեն տալիս նրանց, ովքեր շինանյութ են ներկրում։