Վրաստանի նախկին վարչապետի նոր գործունեությունը

Վրաց-ամերիկյան տնտեսական համագործակցության հիմնադրամը (AGECF), որը նախագահում է Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն, լոբբինգ է իրականացնելու Թբիլիսիում ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական գործակալության (DFC) տարածաշրջանային գրասենյակի բացման և ազատ առևտրի ստորագրման համար:

Հիմնադրամի խորհրդի անդամ Դիմիտրի Ցքիտիշվիլին հայտարարել է, որ նորաստեղծ հիմնադրամը կենտրոնանալու է վերոնշյալ երկու նպատակների իրագործման վրա։

«Վրաստանը որոշ չափով ներգրավված է այս նախագծերում, բայց մենք ցանկանում ենք աշխատել 2022 թվականին Վրաստանում DFC-ի գրասենյակ բացելու ուղղությամբ, որն իր գործունեությունը կընդլայնի ոչ միայն Վրաստանից, այլև տարածաշրջանային տեսանկյունից։ Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք չքաղաքականացնել հիմնադրամը և կենտրոնանալ տեղական քաղաքականության վրա»,- ասել է Դիմիտրի Ցքիտիշվիլին: 

Ցքիտիշվիլիի խոսքով, հիմնադրամը երկխոսելու է ոչ միայն Վրաստանի, այլև տարածաշրջանի կառավարությունների հետ, կփորձի համակարգված հարթակ առաջարկել հարևան երկրներին DFC-ի գրասենյակի բացման համար։ 

Վրաց-ամերիկյան տնտեսական համագործակցության հիմնադրամը (AGECF) դեկտեմբերի 8-ին ամերիկյան Foreign Policy հրատարակության հետ համատեղ անց է կացրել միջազգային միջոցառում, որին հրավիրված են եղել դիվանագիտական ​​կորպուսի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Ըստ Ցքիտիշվիլիի՝ հիմնադրամը գործընկերային հարաբերություններ ունի Foreign Policy-ի հետ։ 

«Պայմանավորվածությամբ առաջին քայլն արեցինք՝ ավելի լայն հայեցակարգային շրջանակներում ներկայացնելու այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում։ Ինչպես գիտեք, Foreign Policy-ն ամենաազդեցիկ միջազգային վերլուծական հրատարկչություններից է, որի միջոցով այս բանավեճը սկսվում է աշխարհաքաղաքական լայն համատեքստում, այնուհետև մենք կփորձենք ակադեմիական մասը կենտրոնացնել նաև Վրաստանի վրա»,- ասել է Ցքիտիշվիլին:

Ցքիտիշվիլին նաև ասել է, որ քննարկման թեման եղել է ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը, և ոչ թե միայն Վրաստանը, սակայն, նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն խոսելու է Վրաստանի տեսանկյունից։

Ինչ վերաբերում է AGECF-ի ֆինանսավորմանը, Ցքիտիշվիլին ասել է, որ բանակցություններ է վարում դոնոր կազմակերպությունների և ԱՄՆ-ի հարցերով կենտրոնացած մի քանի ընկերությունների հետ, որոնք ազատ առևտրի շահեր ունեն Միացյալ Նահանգների հետ: 

Վրաց-ամերիկյան տնտեսական համագործակցության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականի օգոստոսին։ Հիմնադրամի խորհուրդը բաղկացած է. 

  • Մեթ Քենեդի՝ Converge-ի հիմնադիր և կառավարիչ գործընկեր, 
  • Ստյուարտ Աքերլին՝ Վաշինգտոնի փաստաբան և Statera Capital-ի տնօրենը, 
  • Քեյլեբ Չարլզ Մաքքարթի՝ ամերիկյան արտաքին քաղաքականության փորձագետ, 
  • Դիմիտրի Ցքիտիշվիլի՝ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, 
  • Լևան Ավալիշվիլի՝ Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) համահիմնադիր և ծրագրի ղեկավար, 
  • Իրինա Լորթքիփանիձե՝ ունի օրենքի գերակայության, դատաիրավական և իրավական ոլորտի բարեփոխումների փորձ:

Վրաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման նախաձեռնությունն առաջին անգամ հնչեցրել են 2009 թվականին դեմոկրատ սենատոր Ջոն Քերին և հանրապետական ​​Դեյվիդ Դրեյերը։ 2012 թվականին Վաշինգտոնում Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների հնարավորությունը, թեև բանակցությունները դեռ չեն սկսվել, այդ թվում՝ Մամուկա Բախտաձեի կառավարության ժամանակ։ 

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հետաձգման օբյեկտիվ պատճառներ կան, սակայն այս ուղղությամբ կան հեռանկարներ։ 

Ներկայում Վրաստանից ԱՄՆ արտահանվող գյուղատնտեսական որոշ ապրանքներ ենթակա են GSP (Արտոնությունների ընդհանրացված համակարգ) առևտրային ռեժիմին, որը թույլ է տալիս վրացական արտադրանքը ԱՄՆ արտահանել նվազեցված մաքսային դրույքաչափով։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր