Մաչալիկաշվիլին Մառնեուլիում ստորագրահավաք է սկսել

Մալխազ Մաչալիկաշվիլին որդու՝ 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի սպանությունը հետաքննելու նպատակով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցով Մառնեուլիում ստորագրահավաք է անցկացնում:

Մախլախազ Մաչալիկաշվիլին մի խումբ համակիրների հետ ստորագրահավաքը սկսել է այսօր՝  նոյեմբերի 13-ին, Մառնեուլի քաղաքի շուկայի մերձակա տարածքում։

Մաչալիկաշվիլին Մառնեուլի ռադիոկայանին ասել է, որ խորհրդարանն արդեն երկու անգամ հետաձգել է հիշյալ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը, այս անգամ բավականաչափ ստորագրություններ են հարկավոր:

«Հանձնաժողովի ստեղծումը երկու անգամ տապալվել է: Նրանք գիտեն, որ այս գործն իրենց վրա թանկ կարժենա, ուստի ամեն ինչ անում են, որ հանձնաժողովը չստեղծվի, բավարար ստորագրություններ չհավաքվեն», — ասել է Մալխազ Մաչալիկաշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայության կողմից 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Պանկիսիի շրջանի Օմալո և Դուիսի գյուղերում իրականացրած հատուկ գործողության ընթացքում գլխի հատվածում հրազենային վիրավորում ստացած Թեմիրլան Մաչալիկաշվիլին մահացել էր հիվանդանոցում: Նրա հայրը՝ Մալխազ Մաչալիկաշվիլին մինչ օրս պայքարում է արդարության և որդու սպանության գործը բացահայտելու համար: