Արևմտամետ 9 կուսակցություն համաձայնել է ընդդիմադիր դաշինք ստեղծելու գաղափարին։
Համատեղ որոշման մասին կուսակցությունները հայտարարել են երեկ՝ մարտի 2-ին, տեղի ունեցած հանդիպումից հետո։
Ընդդիմադիր դաշինքում միավորվում են 9 քաղաքական կուսակցություն` «Ազգային շարժում», «Ախալի», «Դրոա», «Գիրչի — ավելի շատ ազատություն», «Ազատության հրապարակ», «Ռազմավարություն աղմաշենեբելի», «Ֆեդերալիստներ», «Ազգային-ժողովրդավարական կուսակցություն» և «Եվրոպական Վրաստան»։
Կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ նշված է, որ իրենք համաձայնության են եկել հաղթանակի ընդհանուր ռազմավարության և համագործակցության կանոնների շուրջ։
Ըստ հայտարարության՝ ընդդիմադիր դաշինքը նպատակ ունի «Վրաստանն ազատագրել Բիձինա Իվանիշվիլիի ավտոկրատ ռեժիմից, վերականգնել եվրատլանտյան կուրսը և այդ ճանապարհով փրկել Վրաստանի ազգային անկախությունն ու պետականությունը»։
«Ընդդիմության դաշինքը համաձայնության է եկել, որ այսօր ընթանում է գոյաբանական պայքար Վրաստանի պատմական, քաղաքակրթական ընտրության շուրջ, որով կորոշվի, թե «երկաթե վարագույրի» որ կողմում կհայտնվի վրաց ժողովուրդը հաջորդ տասնամյակների ընթացքում։
Ընդդիմադիր դաշինքի ռազմավարական նպատակն է հասարակության ճնշող մեծամասնության մոբիլիզացումը խաղաղ բողոքի և ռեժիմի ապամոնտաժման համար։
Համաձայնագրի հիմնական սկզբունքներն են.
• Միասնություն առանց միօրինակության. կուսակցությունները պահպանում են գաղափարական ինքնությունը, սակայն համաձայնում են միասնական հաղորդակցության և բողոքի ռազմավարության շուրջ։
• Ժողովրդավարական այլընտրանք. դաշինքը համաձայնում է, որ ավտոկրատ ռեժիմին կհաղթի միայն քաղաքացիների շահերին ուղղված ժողովրդավարական այլընտրանքը։
• Նպատակին հասնելու ուղին. բողոքի ընդլայնում, միջազգային ճնշման ուժեղացում և վրաց ժողովրդին ժողովրդավարական, վստահելի այլընտրանքի առաջարկում։
Վարքագծի կանոնագիրք և պատասխանատվություն.
Փաստաթղթի կարևորագույն մասը վարքագծի կանոնագիրքն է, որը կարգավորում է ստորագրող կուսակցությունների միջև համագործակցության կանոնները՝ ամուր միասնությունն ապահովելու համար։
Կուսակցությունները միմյանց ճանաչում են որպես հավասար գործընկերներ և համաձայնում են, որ ընդհանուր նպատակին հասնելու համար համակարգված գործողությունները ռազմավարական անհրաժեշտություն են։
«Ընդդիմադիր դաշինքը պայքարելու է մինչև վերջ՝ մինչև քաղբանտարկյալների ազատ արձակումը և ազատ ու արդար ընտրությունների անցկացումը»,- ասված է ընդդիմադիր դաշինքի հայտարարության մեջ։