ԵԱՀԿ պատվիրակությունը հանդիպել է «Վրացական երազանք»-ի պատգամավորներին

ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է «Վրացական երազանք»-ի մի շարք պատգամավորների, նրանց թվում` խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին։

TV Pirveli-ի փոխանցմամբ՝ մեկուկես ժամ տևած հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին, թեև «Վրացական երազանք»-ը հերքում է, որ ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունը հարցեր է տվել հետընտրական զարգացումների վերաբերյալ։

Հայտնի է, որ պատվիրակությունը հետաքրքրվել է նաև ակտիվորեն իրականացվող օրենսդրական փոփոխություններով։ Հարցեր են տրվել նաև այն մասին, թե ինչու ընդդիմությունը ներկայացված չէ խորհրդարանում։

«Նախևառաջ, պատվիրակությունը հետաքրքրվել է բազմաթիվ հարցերով, այդ թվում՝ 11-րդ գումարման խորհրդարանին առնչվող գործողություններով և զարգացումներով։ Մենք խոսել ենք օրենսդրական փոփոխությունների և այլնի մասին, որոնք ընդհանուր առմամբ օրակարգում են»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Հանդիպումից հետո ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակության ղեկավարն ասել է, որ իրենք խոսել են բոլոր կարևոր և հրատապ հարցերի մասին, որոնք ներկայումս առկա են երկրում։

«Ինձ համար պատիվ է գտնվել Վրաստանի խորհրդարանում որպես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ։ Ուզում եմ տեղյակ պահել ձեզ, որ Վրաստանի բոլոր ներկայացուցիչների հետ ամիսներ տևած բանակցություններից հետո մենք հանդիպումներ կունենանք բոլոր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, ընդդիմության անդամների հետ։ Մենք նաև շատ անկեղծ հանդիպում ունեցանք խորհրդարանի նախագահի հետ։ Խոսել ենք 2024 թվականի զեկույցի արդյունքների մասին, և այս երկօրյա այցից հետո, եթե թույլ տաք, մենք մամուլի ասուլիս կանցկացնենք, որտեղ կամփոփենք արդյունքները։ Սա մեր առաջին հանդիպումն է։ Անկեղծ ասած, մենք քննարկում ենք այս երկրին հուզող բոլոր հարցերը, և վաղը ձեզ ավելի շատ տեղեկություններ կտրամադրենք,- ասել է պատվիրակության ղեկավարը։

ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունն այժմ խորհրդարանում հանդիպում է Գիորգի Գախարիայի թիմի անդամների հետ։

Հայտնի է, որ հանդիպումներ կլինեն նաև արտախորհրդարանական ընդդիմության, երրորդ հատվածի և կառավարության անդամների հետ։