Ընդդիմությունը պահանջում է Մուխթարլիի գործով քննչական հանձնաժողով ստեղծել

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը  կոչ է անում Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիին խորհրդարան ներկայանալ։ Հարցը ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում են բարձրացնել օրենսդիրի հերթական նիստում։

Հիմնական հարցը, որին պետք է պատասխանի նախարարը, վերաբերում է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգմանը։ «Ցավոք, Մղեբրիշվիլին թաքնվում է հասարակությունից ու խորհրդարանից: Իրականում, նա պետք է հրաժարական տա, ինչպես ընդունված է ցանկացած ժողովրդավարական պետությունում, բայց քանի որ նա կատարում է Բիձինայի («Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ-խմբ․) հրահանգները,  այս փուլում դեռ պետք է «Վրացական երազանք»-ին»,-ասել է  կուսակցության անդամներից Թինաթին Բոկուչավան:

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչները ևս միանում են պահանջին՝ նշելով նաև Մուխթարլիի գործով քննչական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք՝ անցյալ տարի Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին այսօր գտնվում է Ադրբեջանի բանտում։

Թողնել պատասխան