Նոյեմբերի 26-ին անհամաչափ ուժ կիրառվեց․ EMC

Նոյեմբերի 26-ին խորհրդարանի դիմաց բողոքողների դեմ կիրառված ոստիկանական ուժը ցույց տվեց, որ պետությունը սոցիալական ու քաղաքական ճգնաժամից դուրս գալու ռազմավարություն չունի։ Այս մասին իր նախնական զեկույցում նշում է «Մարդու իրավունքների ուսուցման և մոնիթորինգի կենտրոն (EMC)» հասարակական կազմակերպությունը։
Կազմակերպության գնահատմամբ՝ ցուցարարների ակցիան խաղաղ էր։

«Օրենսդիր կառույցի խաղաղ արգելափակումը դուրս չի եղել հավաքների մասին սահմանադրական իրավունքի սահմաններից։ Կառավարության կողմից այդպիսի ուժի կիրառումը ծառայում է հասարակության շրջանում վախի մթնոլորտի ձևավորմանը և բողոքի ալիքի ճնշմանը», – ասված է զեկույցում։

ՀԿ-ի զեկույցում ասված է նաև, որ իրավապահ կառույցների ռազմավարությունը միայն առավելագույն արագությամբ ցույցը ցրելն էր՝ առանց ռիսկերը հաշվարկելու։ Միաժամանակ՝ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել և ճնշող մեխանիզմներ, որոնք ապագայում կարող են ազդել հավաքներ անցկացնելու իրավունքից լիարժեքորեն օգտվելու վրա։

EMC-ն իշխող կուսակցությանը կոչ է անում ռեսուրսներ գտնել իրավիճակը բարելավելու և երկխոսության ռեժիմի անցնելու համար, նաև ապահովել արդար խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին հերթական անգամ ոստիկանությունը ցրեց խորհրդարանի դիմացի ցույցը՝ ջրցանի ու հատուկ ջոկատայինների ուժերով։ «Փոխիր» վանկարկումներով ցուցարարները փորձում էին ներխուժել խորհրդարան՝ տապալելու նիստը, արդյունքում ոստիկանության ուժերով ազատվեցին խորհրդարանի մուտքերը, ձերբակալվեց 28 մարդ, 3 քաղաքացի վնասվածքներ ստացավ ու հոսպիտալացվեց։