Կրթության նախարարի տեղակալ Զվիադ Գաբոսանիան, դպրոցական համազգեստների գնին վերաբերող հարցին ի պատասխան, հայտնել է, որ առաջինից վեցերորդ դասարանցիների համար պետության առաջարկած դպրոցական համազգեստներն ավելի էժան կլինեն նոր ուսումնական տարվա սկզբին աշակերտների համար սովորաբար ձեռք բերվող հագուստի գնից։
Նախարարի տեղակալը կոնկրետ գին չի նշել։
«Դուք գիտեք, որ սոցիալական ուղղվածությամբ պետությունն ամբողջությամբ կֆինանսավորի համազգեստների մի մասը: Ինչ վերաբերում է կոնկրետ գներին, ապա այս պահին դժվարանում եմ ստույգ գինն ասել, սակայն դրանք շատ ավելի մատչելի կլինեն, քան այն գումարն է, որը ծնողները սովորաբար ծախսում են նոր ուսումնական տարվա մեկնարկին»,- հայտարարել է նախարարի տեղակալը։
Ըստ նրա` պետությունը և նախարարությունը շատ ինտենսիվ աշխատում են համազգեստների ստեղծման հարցի շուրջ։ Նախարարի տեղակալը դժվարացել է խոսել մանրամասների մասին, սակայն հավելել է. «Հստակ կարող եմ ասել, որ ոչ միայն համազգեստների դիզայնն է արդեն հաստատված, այլև ընթացքի մեջ է պատվերների ձևաչափը, քանի որ ժամկետները շատ սեղմ են, իսկ խոսքը բավականին մեծ քանակությամբ համազգեստների պատվերի մասին է: Հետևաբար, նախարարության համապատասխան ծառայություններն ամենօրյա ռեժիմով շատ ակտիվ աշխատում են այս ուղղությամբ»։
Գաբիսոնիան նաև նշել է, որ մրցույթին կկարողանան մասնակցել նաև տեղական ընկերությունները.
«Կմասնակցի ցանկացած ընկերություն, որն օրենսդրությամբ կհամապատասխանի պետության ներկայացրած պահանջներին: Մենք նաև շատ ենք ուզում, որ այս գործընթացում ներգրավված լինեն պրոֆեսիոնալ ուսումնարանները, և ծրագրում ենք այս ուղղությամբ ներկայացնել պետության շատ հետաքրքիր առաջարկները»։