Թուրքիայից ներկրվող դեղորայքի գները խստորեն կվերահսկվեն. Ազարաշվիլի

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։  

Ինչպես նախարարությունից են հայտնել՝ Ազարաշվիլին հանդիպել է Թուրքիայի դեղագործական արտադրանքի և բժշկական սարքավորումների գործակալության ղեկավարների հետ և ծանոթացել դեղերի որակի վերահսկման թուրքական մոդելին։ 

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Վրաստանում դեղերի թուրքական շուկայի բացմանը, խոսվել է նաև դեղերի գնի կարգավորման մեխանիզմների մասին։ 

Ազարաշվիլին նշել է, որ Թուրքիայից ներկրվող դեղորայքի գները խստորեն կվերահսկվեն։ 

Հատկանշական է, որ այցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև Թուրքիայի առողջապահական համակարգի աշխատանքի առանձնահատկություններին։  

Զուրաբ Ազարաշվիլին կհանդիպի նաև իր թուրք գործընկերոջ հետ։ Հանդիպումներ են նախատեսվում նաև Միջազգային բժշկական ծառայության գործակալությունում՝ քննարկելու Թուրքիայի Հանրապետությունում վրացի հիվանդների բուժման հարցը։ 

Երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, թե Թուրքիայից ներկրվող դեղերի շնորհիվ շուկայում որոշ դեղերի գներն իջել են 60-80 տոկոսով։ 

Հիշեցնենք՝ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Թուրքիայի դեղագործական շուկայից արդեն Վրաստան է ներկրվել 30 անուն դեղամիջոց։ Առաջին փուլում ներկրվում են հիմնականում քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցներ և այդ դեղերի գները գրեթե կիսով չափ նվազել են։