Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում 60-ամյա Գյուլնարա Էլիզբարյանի կյանքը երկար տարիներ անցել է առօրյա և կենցաղային գործերի ստվերում։ Նախկինում միայն տնային տնտեսուհի, այսօր՝ նաև ձեռնարկատեր, նա իր պատմությամբ փորձում է կոտրել այն կարծրատիպը, թե կրթությունը տարիք ունի։
Հույսը, սակայն, ամբողջությամբ չի մարել։ Լուսահոգի սկեսուրը նրան միշտ ոգեշնչել է. «Մի՛ վախեցիր, տաշած քարը գետնին չի մնա, կդրվի այն պատին, որտեղ դրա պահանջը շատ կլինի»։ Տարիները գլորվել են, բայց երազանքը մնացել է հոգում։
Գարնանային մի օր Գյուլնարան պատահաբար տեղեկանում է կրթական ծրագրի մասին։ Նա 55 տարեկան էր, երբ Ախալքալաքում գործող ՀԿ-ներից մեկի ղեկավար Լյոլիա Ռաիսյանի աջակցությամբ դարձավ ուսանողուհի։
«Սովորում էինք կիրթ ու խելացի կանանց հետ՝ անվճար։ Չկար տարիքային սահմանափակում։ Սովորում էինք վրացերեն, օֆիս-մենեջմենթ, մեդիագրագիտություն և մեդիակրթություն»,- պատմում է նա։
Այս կրթական ճանապարհը ոչ միայն գիտելիք տվեց, այլև նոր միջավայր ու ինքնավստահություն։ Գյուլնարան սկսեց մասնակցել տարբեր թրեյնինգների և հետագայում ստացավ նաև թրեյների կոչում՝ արդեն ինքը փոխանցելով գիտելիք ու փորձ։
Գյուլնարա Էլիզբարյանի հետ հարցազրույցը տեսեք հետևյալ հղումով:
Նրա աշխատասիրությունը նկատեցին նաև դոնոր կառույցները։ TASO Foundation-ից (TASO) նա շահեց դրամաշնորհ՝ ստանալով կարի մեքենա, քանոնների տեսականի և մանեկեն։ Նշված աջակցությամբ Գյուլնարան այսօր աշխատում է որպես դերձակ՝ վերածելով նոր հմտությունները եկամտի աղբյուրի։
Տարիներ առաջ միայն տնային տնտեսուհի լինելը այլևս նրա ինքնության մի մասն է։ Նա կարողացավ գնահատել սեփական արժեքը՝ ընտանիքի աջակցությամբ հաղթահարելով խոչընդոտներն ու կարծրատիպերը։
Գյուլնարա Էլիզբարյանը այսօր կոչ է անում հատկապես կանանց և իր հասակակիցներին չհետաձգել իրենց երազանքները։
«Հարգելի երիտասարդներ, սիրելի փոքրեր, իմ հասակակիցներ, մի՛ վատնեք ձեր ոսկե ժամանակն անիմաստ։ Հիշե՛ք, որ ամեն ինչ հնարավոր է ձեռք բերել՝ բացի ժամանակից։ Եթե մենք սենյակից դուրս չգանք, չենք իմանա, թե որքան գեղեցիկ է կյանքը դրսում»։
Նրա խոսքով՝ կյանքը լի է խոչընդոտներով, բայց յուրաքանչյուր մայրամուտ ունի իր լուսաբացը։ Իսկ քանի դեռ կան նման կրթական ծրագրեր և աջակցող կազմակերպություններ, կանայք կարող են շարժվել առաջ՝ անկախ տարիքից։