Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Ռոմեո Միքաուտաձեն դատապարտվել է 10 տարի ազատազրկման։
«Ինտերպրեսնյուսի» տեղեկությամբ՝ դատարանը Միքաուտաձեին մեղավոր է ճանաչել ներկայացված բոլոր մեղադրանքներում՝ բոլոր ինը դրվագներով։
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Գալուստաշվիլիի որոշմամբ՝ նրան արգելվել է պետական պաշտոն զբաղեցնել 2 տարի ժամկետով,
Միքաուտաձեից բռնագանձվել է նաև գույքը, մասնավորապես՝ Իսպանիայում և Մցխեթայում գտնվող առանձնատները, նրան և իր կնոջը պատկանող երեք ավտոմեքենաները, բռնագանձվել է նաև «Նախիդուրհեսի» (Նախիդուրի հիդրոէլեկտրակայան) 15%-անոց բաժնեմասը։
Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալը մարտի 13-ին կայացած դատական նիստի իր եզրափակիչ ելույթում հայտարարել էր, որ ցանկանում է կնքել դատավարական համաձայնություն։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան չի ընդունում մեղադրանքը, սակայն մի քանի ամսից սպասում է իր անվանակից թոռան ծնունդին, դրա պատճառով հայտարարել է, որ ընտանիքի հետ համաձայնությամբ պատրաստ է ճանաչել գոյություն չունեցող մեղքը, հատուցել չպատճառված վնասը և դատավարական համաձայնություն կնքել դատախազության հետ։
Ռոմեո Միքաուտաձեին Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել էր 2025 թվականի հունիսին, քննությունն ընթացել է քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասի ենթակետով և 332-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը որպես պատիժ նախատեսում է 9-ից 12 տարի ազատազրկում, Դատախազության հաղորդմամբ՝ Միքաուտաձեն չարաշահել է ծառայողական լիազորությունները, ինչն ուղեկցվել է առանձնապես խոշոր չափերով եկամուտների ձեռքբերմամբ։
Դատախազությունը Միքաուտաձեին մեղադրում է ընդհանուր առմամբ 8 մլն 499 հազար 334 լարիի ապօրինի եկամուտների օրինականացման համար։ Դատախազության տվյալներով՝ թեմատիկ վերստուգման եզրակացության համաձայն, ամբաստանյալը 2017-2024 թվականներին ստացել է առանձնապես խոշոր չափի ապօրինի և չհիմնավորված եկամուտ։