200 լարի աջակցության արդյունքում պատվաստման տեմպերն աճել են

Վրաստանի կառավարության կողմից 200 լարիի (մոտ 64 դոլար) չափով աջակցման ծրագրի  արդյունքում պատվաստման տեմպերն աճել են։

Վրաստանի Ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ պատվաստումների առավել ակտիվություն է գրանցվել 60 տարեկանից բարձր տարիքի մարդկանց շրջանում։

Առողջապահության նախարարությունից ևս հայտնում են, որ  նոյեմբերի 7-ից ավելի քան 100%-ով ավելացել է պատվաստման դիմողների թիվը՝ գրեթե բոլոր շրջաններում։

Նշվում է, որ նոյեմբերի 8-16-ը Թբիլիսիում պատվաստվել է կենսաթոշակային տարիքի 4849 մարդ, ինչը 238%-ով ավելի է նախորդ շաբաթվանից։ Նույն ժամանակահատվածում Աջարիայում պատվաստվել է 60 տարեկանից բարձր 1560 մարդ, ինչը 290%-ով ավելի է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը պատվաստված քաղաքացիների թվից։

Մյուս շրջաններում պատկերն հետևյալն է.

«Գուրիայում պատվաստվել է 1016 մարդ, ինչը 539%-ով ավելի է նախորդ շաբաթվանից,

Իմերեթիում՝ 2900 մարդ, 330%-ով ավելի,

Կախեթիում՝ 1317 մարդ, 329%-ով ավելի,

Մցխեթա-Մթիանեթիում՝ 356 մարդ, 424%-ով ավելի,

Ռաչա Լեչխումի և Քվեմո Սվանեթիում՝ 209 մարդ, 515%-ով ավելի,

Սամեգրելո և Զեմո Սվանեթիում՝ 1815 մարդ, 396%-ով ավելի,

Սամցխե-Ջավախքում՝ 437 մարդ, 3245%-ով ավելի,

Քվեմո Քարթլիում՝ 961 մարդ, 358%-ով ավելի,

Շիդա Քարթլիում՝ 1033, 649%-ով ավելի»,- նշված է Ազգային վիճակագրական ծառայության տարածած տեղեկատվության մեջ։

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ մինչև հունվարի 1-ը կորոնավիրուսի դեմ պատվաստված կենսաթոշակառուները 200 լարի միանվագ հավելավճար են ստանում։

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր