Շահումյանում պատվաստման կետ կմոբիլիզացվի

Նոյեմբերի 18-ին «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա» կազմակերպությունը Եվրամիության աջակցությամբ Մառնեուլիի և Դմանիսիի շրջաններում պատվաստման կետեր կմոբիլիզացնի:

Ծրագրի շրջանակներում կամավորները դռնեդուռ շրջել և զրուցել են հայաբնակ ու ադրբեջանաբնակ գյուղերի բնակիչների հետ, ծանոթացրել քարոզարշավի մանրամասներին, իսկ արդեն նոյեմբերի 18-ին տեղի բնակիչները կկարողանան պատվաստվել իրենց իսկ գյուղերի կենտրոններում, միաժամանակ մասնակցել One caucasus-ի կազմակերպված մոբիլ համերգին՝ նույն տեղում:

Նախագծի իրականացման համար ընտրվել են հետևյալ գյուղերը՝ Շահումյան, Ախկուլա, Ամամլո, Բեզաքլո: Տեղում պատվաստման կետերը կմոբիլիզացվեն Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի, Առողջապահության նախարարության աջակցությամբ:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» նախագծերի մենեջեր Մարիամ Ծիծիկաշվիլին ասում է՝ ծրագրի միջոցով պատրաստվում են խրախուսել պատվաստումները Քվեմո Քարթլիի շրջանում, ինչպես նաև պատվաստումների մասին ճիշտ տեղեկություն հաղորդել տեղի բնակչությանը․

«Ամենօրյա կտրվածքով տասնյակ քաղաքացիների ենք կորցնում, ովքեր, եթե պատվաստված լինեին, փրկվելու հնարավորություն կունենային: Հենց այս պատճառով, Թբիլիսիից հրավիրված բժիշկներ են այցելելու գյուղեր, որպեսզի միասին փրկենք մեզ, մեր ծնողներին, քույրերին, եղբայրներին ու հարազատներին և վերադառնանք նորմալ կյանքին»:

One Caucasus նախագծի հիմնադիր Իրակլի Միկիանին «Ալիք Մեդիային» պատմում է այս տարվա փառատոնի ձևաչափի մասին: Օգոստոս ամսվա ընթացքում ևս երկու օրում հինգ համերգ է կազմակերպվել, որոնց ընթացքում հարյուրից ավելի մարդ է պատվաստվել գյուղերում: Միկիանին հույս ունի, որ մեկ օրվա ընթացքում հարյուրից ավելի մարդ կպատվաստվի:

Նախագիծն իրականացվում է Covid 19:Civil Society resilience and sustainability ծրագրի շրջանակներում, որ ֆինանսավորվում է Եվրամիության ու ERIM, ինչպես նաև «Թբիլիսիի մարդու իրավունքների տուն» կազմակերպությունների միջոցով: