Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կապիտան, 38-ամյա Գուրամ Կաշիան հայտարարել է, որ 2026 թվականի հունիսին կավարտի կարիերան ազգային թիմում:
38-ամյա կենտրոնական պաշտպանն այս տեղեկությունը հայտնել է երկուշաբթի՝ մարտի 23-ին, Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտի մամուլի համաժողովների դահլիճում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Այժմ արդեն կարող եմ ասել, որ առանձնահատուկ կերպով եմ պատրաստվում հավաքականում իմ վերջին խաղին, որն ինձ սպասվում է հունիսին»,- ասել է Կաշիան այն բանից հետո, երբ ցավակցություն է հայտնել հանրությանը Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ:
«Ցանկանում էի այս որոշման մասին անձամբ հայտնել ձեզ՝ Վրաստանի հավաքականի երկրպագուներին, իմ աջակիցներին և ողջ երկրին»,- ասել է Կաշիան, որի թիմավարությամբ Վրաստանի հավաքականը դուրս եկավ 2024 թվականի Եվրոպայի առաջնություն:
Ինչ վերաբերում է ակումբային կարիերային, նա Բրատիսլավայի «Սլովանի» թիմի պաշտպանն է:
«38 տարեկանում եկել է ժամանակը մեծ շնորհակալություն հայտնելու ձեզ և տեղեկացնելու հավաքականում իմ 17-ամյա կարիերայի ավարտի մասին: Ըստ էության, այս նախադասությունը պատասխանում է իմ որոշման հետ կապված բոլոր հարցերին»,- հայտարարել է կապիտանը:
Վրաստանի հավաքականի մարզաշապիկով իր վերջին խաղը նա կանցկացնի 2026 թվականի հունիսին, երբ Վրաստանն ընկերական խաղում կհանդիպի Ռումինիայի հավաքականին:
Գուրամ Կաշիան ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր է: 17 տարվա ընթացքում կենտրոնական պաշտպանը հավաքականի համազգեստով դաշտ է դուրս եկել 128 անգամ: Ռումինիայի հետ վերջին խաղը նրա համար կլինի 129-րդը:
Կաշիան 2019 թվականին ՈւԵՖԱ-ից ստացել է «Հավասարության մրցանակ» (Equal Game Award): Մրցանակի հանձնումից մեկ տարի առաջ նա, որպես «Վիտես»-ի կապիտան, միացել էր Հոլանդիայի Էրեդիվիզիայի արշավին, որն ուղղված էր հոմոֆոբիայի դեմ: Հոլանդական ակումբն իր պատմության առաջին տիտղոսը՝ Հոլանդիայի գավաթը, նվաճել է հենց Կաշիայի կապիտանությամբ: