Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մոլդովայի ընդդիմադիր պատգամավորներին

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մոլդովայի պրոռուսական ընդդիմադիր պատգամավորներից կազմված խորհրդարանական պատվիրակությանը:

«Հանդիպմանը նշվել է, որ բարդ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում կարևոր են Վրաստանի և Մոլդովայի միջև երկխոսությունն ու փոխադարձ աջակցությունը։ Մոլդովական կողմը հայտարարել է, որ միջազգային անհանգիստ և լարված իրավիճակում Վրաստանի իշխանությունները տարիներ շարունակ վարում են քաղաքականություն, որն ուղղված է երկրի ազգային շահերի և արժեքների պաշտպանությանը։ Կողմերն ընդգծել են մարդկային շփումների զարգացման կարևորությունը, այդ թվում՝ տուրիզմի ոլորտում, ինչին նպաստում են նաև երկու երկրների միջև ուղիղ թռիչքները», — ասված է խորհրդարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի խորհրդարանում Մոլդովայի հետ բարեկամության խմբի ղեկավար Իսկո Դասենը և նախկին պատգամավոր, Պապուաշվիլիի խորհրդական Գիորգի Խելաշվիլին։

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ի հրավերով Վրաստանում են գտնվում Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը և երեք ընդդիմադիր «Սոցիալիստներ», «Ալտերնատիվա» և «Դեմոկրատիան՝ տանը» խմբակցությունների ներկայացուցիչներ։

Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Մոլդովայի իշխող կուսակցության ներկայացուցիչները վերջին պահին դուրս են եկել բարեկամության խմբի պատվիրակության կազմից։

«Վերջին պահին Մոլդովայի իշխանության ներկայացուցիչները դուրս եկան այս պատվիրակությունից։ Խոսվում էր, որ փորձ է արվել արգելափակել պատվիրակության այցը, ինչը փոքր-ինչ անհասկանալի է։ Ի՞նչն է արգելափակման ենթակա այն հարցում, որ Վրաստանի խորհրդարան գա Մոլդովայի խորհրդարանի բարեկամության խումբը։ Սա չէ՞ որ ինքնակոչ խումբ չէ, այլ Մոլդովայի խորհրդարանի ստեղծած խումբ, որն ունի նախագահ։ Ես չգիտեմ, թե Մոլդովայի իշխանությունն ինչ ունի Վրաստանի հետ կիսելու», — հայտարարել է Պապուաշվիլին։