Վրաստանում ստեղծվել է ցամաքային ռեսուրսների տվյալների բազա

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկացմամբ՝ 20-ամյա դադարից հետո հնարավոր է դարձել Վրաստանի հողային ֆոնդի վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումն ու համակարգումը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ սա հաջողվել է Հողի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության հետ միասնական ջանքերի շնորհիվ:

Հողի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության նախագահ Գիորգի Միշելաձեի խոսքով՝ հողային ֆոնդի միասնական բազան ներառում է տվյալներ երկու ուղղությամբ՝ գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական նշանակության հողեր։
«Գյուղատնտեսական հողերը բաժանված են միամյա և բազմամյա մշակաբույսերով ծածկված տարածքների։ Ինչ վերաբերում է ոչ գյուղատնտեսականին, ապա այստեղ տվյալները ներկայացված են բազմաթիվ ուղղություններով՝ անտառային ֆոնդի, պահպանվող տարածքների, ջրային ֆոնդի, սառցադաշտերի, լճերի, քաղաքային տարածքների և այլնի վերաբերյալ։ Ներկայացված է Վրաստանի հողային ֆոնդի ամբողջական պատկերը՝ ըստ նշանակության և կատեգորիաների»,- ասել է Գիորգի Միշելաձեն։

Նրա խոսքով՝ այն ժամանակահատվածում, երբ հողային տվյալների միասնական բազա չկար, պետությունը հիմնվում էր հանրային ռեեստրի՝ գրանցված հողերի վերաբերյալ տվյալների և վիճակագրական տվյալների վրա, որոնք հաճախ հիմնված էին բանավոր հարցումների վրա։

«Այդ տվյալները ցրված և հատվածական էին։ Այսօր հողային ֆոնդի միասնական բազան ի մի է բերում նախարարության, հանրային ռեեստրի և այլ գերատեսչությունների, և որ ամենակարևորն է՝ գործակալության մշակած տվյալները՝ ստուգված և ճշգրտված տեղեկատվությունը, ինչը կհեշտացնի թե՛ պետության, թե՛ մասնավոր հատվածի աշխատանքը»,- նշել է Միշելաձեն։