Կատաղության դեպքի հայտնաբերման պատճառով Ծալկայում կարանտին է հայտարարվել։ Տեղեկությունը տարածել է Սննդամթերքի ազգային գործակալությունը.
«Ծալկայում կարանտին է հայտարարվել։ Սույն թվականի ապրիլի 6-ին գյուղատնտեսության պետական լաբորատորիան Ծալկայի մունիցիպալիտետում (հասցե՝ ք. Ծալկա, Թամար թագուհու փողոց #132-ին հարող տարածք) վայրի կենդանու (աղվես) ախտաբանական նյութում հաստատել է կատաղության դեպք։
Սննդամթերքի ազգային գործակալության Քվեմո Քարթլիի դեպարտամենտի տեսուչի հետազոտությամբ պարզվել է, որ կատաղությամբ հիվանդ աղվեսին հոշոտել են չորս անտեր շներ։
Հիվանդության տարածման տեղայնացման և վերացման նպատակով, Քվեմո Քարթլիի պետական լիազորի կարգադրությամբ, վարակված կետում և վտանգավոր տարածքում հայտարարվել է կարանտին, և սկսվել են կարանտինային միջոցառումներ՝ վարակի օջախի ախտահանում, հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների պատվաստում, կենդանիների տեղաշարժի վերահսկողություն, կատաղությամբ վարակման մեջ կասկածվող կենդանիների մեկուսացում և տեղափոխում կացարան։
Ընթացիկ տարում ամբողջ երկրի մասշտաբով լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կատաղության 3 դեպք։
Սննդամթերքի ազգային գործակալությունն ամեն տարի իրականացնում է կատաղության դեմ անվճար պատվաստում և պատվաստում է մինչև 300 հազար ընտանի կենդանի (շուն, կատու)։
Կատաղության կանխարգելման և վտանգից խուսափելու նպատակով գործակալությունը բնակչությանը հորդորում է ամեն տարի պատվաստել սեփական ընտանի կենդանիներին (շուն, կատու) կատաղության դեմ։ Կատաղության վերահսկման միջազգային փորձն ու հետազոտությունները միաձայն հաստատում են, որ անտեր և խնամվող շների պոպուլյացիայի վերահսկումն ու նրանց պատվաստումը կարևոր դեր են խաղում հիվանդության տարածման նվազեցման և լիարժեք վերացման գործում»,- ասված է տարածված տեղեկության մեջ։