«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին աշխատանքային այցով պատվիրակության հետ գտնվում է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում, որտեղ կմասնակցի տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովին։
«Աստանայի միջազգային օդանավակայանում մեզ դիմավորեցին Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխանբետ Կոնուսպաևը և Աստանայի քաղաքապետ Ժենիս Կասիմբեկը։
Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի լիագումար նիստում հանդես կգամ ելույթով։
ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ անցկացվող համաժողովի շրջանակներում տարբեր պետությունների առաջնորդներ կքննարկեն կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարդությունները և մարտահրավերներին դիմակայելու համար համակարգված ջանքերի կարևորությունը։ Համաժողովում հատուկ ուշադրություն կդարձվի նաև կապակցվածությանը, ինչը վճռորոշ նշանակություն ունի դեպի ծով ելք չունեցող երկրների համար։
Գագաթնաժողովին մասնակցում են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Մոնղոլիայի և Հայաստանի նախագահները, նաև Ադրբեջանի վարչապետը։ Գագաթնաժողովի բանախոսների թվում են տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Աշխատանքային այցի շրջանակներում կհանդիպեմ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
Վրաստանի պատվիրակության կազմում են Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին, նախագահի վարչակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվթիսիաշվիլին», — սոցիալական ցանցում գրել է Միխեիլ Կղավելաշվիլին, նաև հրապարակել է այցին առնչվող լուսանկարներ։