Տապալված բանակցություններ. Վրաստանը ԵՄ-ի «աչքից ընկել է»

Խորհրդարանական ընտրություններից գրեթե 5 ամիս անց էլ վրաստանյան ընդդիմության հիմնական մասը հրաժարվում է  ընդունել քվեարկության արդյունքներն ու շարունակում է պահանջել արտահերթ ընտրություններ:

Իշխանության համար այս հարցը «կարմիր գիծ է» 

Երկրի քաղաքական ղեկավարությունը վստահեցնում է` կեղծված ընտրությունների մասով մեղադրանքներն անհիմն են. նրանք առաջարկում են քննարկումների շրջանակներում կենտրոնանալ այլ հարցերի վրա:

Իշխանությունը զիջումների չի գնում նաև ընդդիմության մյուս հիմնական պահանջի մասով` ազատ արձակել «Միացյալ ազգային շարժման»   առաջնորդ Նիկա Մելիային ու «Մթավարի արխի» ընդդիմադիր հայացքներով հեռուստաընկերության համասեփականատեր Գիորգի Ռուռուային. նրանք, ըստ ընդդիմադիրների` «քաղբանտարկյալներ» են:

Յուրաքանչյուր հանդիպումից հետո կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում` տապալված բանակցությունների մեղքը գցելով հակառակ կողմի վրա:

Տապալված բանակցություններ

  1. քաղաքականացված արդարադատության հարցերին անդրադարձ. 2019-ի հունիսյան դեպքերի պատճառով ձերբակալվածների ազատ արձակում` համաներման մասին օրենքով
  2. ընտրական փոփոխություններ.  առաջիկա ընտրություններն անցկացնել լրիվ համամասնական ընտրակարգով, հաջորդ երկու խորհրդարանականները` 2 տոկոսանոց շեմով: Բարեփոխումը վերաբերում է նաև տեղական ընտրություններին
  3. օրենքի գերակայություն / դատական ​​համակարգի բարեփոխում
  4. իշխանության բաշխում խորհրդարանում. ուժերի բաշխում կուսակցությունների միջև, մասնավորապես` խորհրդարանում 5 կոմիտեի ղեկավարներ են նշանակվում ընդդիմությունից,
  5. առաջիկա ընտրություններ. կուսակցությունները տարբեր կերպ են գնահատում 2020-ի ընտրությունները և համաձայնվում են խորհրդարանական մանդատների և հաջորդ ընտրություններին մասնակցելու հարցում` վերոնշյալ բարեփոխումները հաշվի առնելով:

«ԵՄ-ն ասել է` մեր հույսը չունենաք»

Արևմտյան գործընկերներն արդեն մի քանի ամիս է` փորձում են ազդել Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա, առաժմ` անարդյունք: Ճգնաժամը գնալով խորանում է: Հերթական` ապարդյուն բանակցություններն անցած շաբաթ էին, քաղաքական փակուղուց երկիրը հանելու առաքելությամբ` մարտի 28-31-ն, արդեն  2-րդ անգամ Թբիլիսիում էր Եվրոպական խորհրդի հատուկ միջնորդ Կրիստիան Դանիելսոնը: Մերժվեցին նաև նրա առաջարկները: Երկու կողմն էլ հրաժարվել է ստորագրել շվեդ դիվանագետի բերած փաստաթղթի տակ: Ընդդիմությունը, կարծես, այս մասով նոր ասելիք չունի: Արդեն  հայտարարել են, որ բանակցությունների սեղանին մոտենալու են` նույն պահանջներով: Ընդդիմության հույսն այն է, որ միջազգային կազմակերպությունների կողմից  իշխանական թևի ճնշումն ավելի է խստանալու:  Իշխող թիմն էլ նոր ընտրությունների մասին  լսել չի ուզում:

Եվրախորհրդարանում հիասթափված են, որ իրենց գործադրած բոլոր ջանքերն անարդյունք էին: Դանիելսոնի զեկույցից հետո  Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները համատեղ հայտարարությամբ իրազեկել են. Վրաստան-Եվրամիություն հարաբերություններն այլևս նախկինը չեն, ու մեղքի առյուծի բաժինն իշխող «Վրացական երազանքինն է»: Որպես հետևանք` Վրաստանը կզրկվի 60 մլն եվրո ֆինանսական աջակցությունից:

Քիչ հուսադրող է, բայց կողմերը համաձայնության եկել են  ընտրական ու դատական բարեփոխումների հարցի հետ կապված:

Այս հրապարակումը ստեղծվել ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։