Թբիլիսիի հայտնի «խողովակները» կրկին աճուրդի են հանվել. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունն արդեն 2-րդ անգամ առցանց աճուրդի է հանել Թբիլիսիի կենտրոնական հատվածում կառուցված` ամենաճոխ կառույցներից մեկը:

Զբոսաշրջային գոտում` Ռիկղեի այգու հայտնի «խողովակների» ստեղծման վրա 6 տարի աշխատել է իտալական Fuksas ճարտարապետական ընկերությունը: Այստեղ պետք է տեղավորվեին երաժշտական թատրոնն ու ցուցասրահը: Շենքը ապակուց ու բետոնից է, պատված չժանգոտող պողպատով:

Նախագիծը դադարեցվել է 2013-ին` իշխանափոխությունից հետո: Նոր կառավարությունը կասկածի տակ էր դրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ կառուցվող որոշ օբյեկտների շինարարությունը: Ըստ գաղափարի` հսկա շենքը պետք է համադրություն կազմեր հանրահայտ Խաղաղության կամրջի ու Թբիլիսիի արդարադատության շենքի հետ: Սակայն շատ հասարակական գործիչներ կարծիք են հայտնել, որ այն շատ ճչացող է ու չի սազում հին քաղաքի համայնապատկերի հետ:

Առաջին անգամ աճուրդը կազմակերպվել է նախորդ տարվա փետրվարին: Համալիրը գնահատվել էր 95 մլն. լարի, այսօրվա գինը 71,3 մլն. լարի է  (մոտ 21 մլն. դոլար): Աճուրդը կտևի մինչև ապրիլի 13-ը: Շենքի ընդհանուր մակերեսը` հարակից հողատարածքով` 14 591 քմ է: