Առաջիկայում ընձուղտ կբերվի Թբիլիսիի կենդանաբանական այգի

Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտարարել է «Բիզնես առավոտ»-ի եթերում, որ առաջիկայում հինգ ընձուղտ է բերվելու կենդանաբանական այգի, իսկ թե որ երկրից` դրա մասին կասվի սեպտեմբերին։

Գուրիելիձեի խոսքով, անհրաժեշտ ենթակառուցվածքների կազմակերպումը շուտով կավարտվի, նաև աշխատակիցներն են ավարտել համապատասխան վերապատրաստման դասընթացը։

«Մոտ ապագայում կավարտվի ընձուղտների համար հատուկ կեցավայրի կառուցումը։ Այս ընթացքում մենք լուծում ենք ընձուղտներին տեղ հասցնելու հարցը, քանի որ այդ կենդանիներին գնելը և Վրաստան հասցնելը հեշտ գործ չէ»,- ասել է Գուրիելիձեն։

Ի դեպ, Թբիլիսիի բազմաթիվ բնակիչներ «Ազատություն» ռադիոկայանի եթերում պնդել են, որ այգում ընձուղտ են տեսել, սակայն կենդանաբանական այգու տնօրենը պնդում է հակառակը` Թբիլիսին երբեք չի ունեցել այդ էկզոտիկ ու բարձրահասակ կենդանուց։