Երեկվա օրը համառոտ. մարտի 12

Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտարարել է «Բիզնես առավոտ»-ի եթերում, որ առաջիկայում հինգ ընձուղտ է բերվելու կենդանաբանական այգի, իսկ թե որ երկրից` դրա մասին կասվի սեպտեմբերին։

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը նախազգուշացնում է, որ մարտի 14-ին Կախեթիում, մասնավորապես՝ Կղվարելի քաղաքում կանցկացվեն «Դուրուջի 2024» քաղաքացիական անվտանգության զորավարժություններ։

Ավելի քան 19 ամիս է անցել, ինչ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC) տնօրեն չունի։

Ֆրանսիական Airbus Helicopters-ից գնված երեք նոր փրկարար ուղղաթիռներից մեկն արդեն տրվել է Վրաստանին։

Արդեն հրապարակվել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարար Գիորգի Ամիլախվարիի հրամանը, ըստ որի՝ վրաստանյան բուհերն իրավունք կունենան ներդնելու բակալավրիատի եռամյա և մագիստրատուրայի մեկամյա ծրագրեր։

Վրաստանի դատախազությունը դիմել է Գերմանիայի և Բելգիայի իրավասու մարմիններին՝ Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին ձերբակալելու և Վրաստանին արտահանձնելու նպատակով:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը կարծում է, որ Վրաստանի հետ ոչ պաշտոնական երկխոսության զարգացումը պահանջված կլինի նույնիսկ Գիորգի Քաջաիայի պարագայում։

Մարտի 11-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան ու ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ստեղծել են «Ախալի» («Նոր») կուսակցությունը։