Մանրամասներ բուհերում սպասվող փոփոխությունների մասին

Արդեն հրապարակվել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարար Գիորգի Ամիլախվարիի հրամանը, ըստ որի՝ վրաստանյան բուհերն իրավունք կունենան ներդնելու բակալավրիատի եռամյա և մագիստրատուրայի մեկամյա ծրագրեր։

Ինչ փոփոխություններ են նախատեսվում բուհերում

Համալսարաններին կթույլատրվի ներդնել 3-ամյա և 1-ամյա ծրագրեր՝ գործող 4-ամյա և 2-ամյա ծրագրերի հետ մեկտեղ։

Առաջին փուլում փոփոխությունը կանդրադառնա միայն բիզնես ուղղության մասնագիտություններին, ապա՝ այդ մոտեցումը կտարածվի նաև այլ մասնագիտությունների վրա։

Մեկամյա մագիստրատուրան ավարտելուց հետո հնարավորություն չի տրվի շարունակելու ուսումը դոկտորական մակարդակում։ Դոկտորական մակարդակում սովորելու համար անհրաժեշտ է 2 տարվա մագիստրատուրա:

Մեկամյա մագիստրատուրայի ընդունելությունը հնարավոր է առանց միասնական ազգային  ​​քննությունների։ Իսկ դրամաշնորհ ստանալ ցանկացողները պետք է միասնական ազգային ​​քննություն հանձնեն:

Հրամանում նշվում է նաև, որ մագիստրատուրայի մեկամյա ծրագրում ընդունվելու նախապայմաններ են լինելու բակալավրի աստիճանը և կառավարման/վարչարարության ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական ​​փորձը։

Համալսարանները հնարավորություն կունենան 3-ամյա և 1-ամյա ծրագրեր իրականացնելու ինչպես վրացերեն, այնպես էլ՝ անգլերեն: Բակալավրիատում և մագիստրատուրայում կթույլատրվի ինչպես մասնակի, այնպես էլ՝ ամբողջությամբ էլեկտրոնային ուսուցում (հեռավար): Խոսքն այնպիսի ուղղությունների մասին է, որոնք գործնական-լաբորատոր ուսուցում չեն պահանջում: Ե՛վ վրացի, և՛ օտարերկրյա ուսանողները կկարողանան սովորել մասնակի հեռավար կամ ամբողջությամբ հեռավար ծրագրերով: