Սաակաշվիլիին ազատ արձակել, Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել․ ԵԽ բանաձև

Եվրախորհրդարանը (ԵԽ) 430 կողմ, 52 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի կատարման մասին բանաձևը։

Բանաձևում եվրապատգամավորները անհանգստություն են հայտնել Վրաստանում ժողովրդավարության հետընթացի համար, կառավարությանը կոչ են արել ազատ արձակել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին։

Բացի այդ, ԵԽ-ին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, ով բանաձևում առաջին անգամ հիշատակվում է ոչ թե որպես նախկին վարչապետ, այլ՝ օլիգարխ։

Բանաձևի մեկ այլ հասցեատեր է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. նրան խնդրում են օգտագործել սահմանադրությամբ տրված լիազորությունները՝ ներում շնորհելու Սաակաշվիլիին և ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային։

Բանաձևում Վրաստանի իշխանություններին ևս մեկ անգամ հիշեցրել են, որ միայն ԵԽ-ի 12 առաջնահերթությունները կատարելուց հետո երկիրը կկարողանա ստանալ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։

Նշենք, որ Եվրոպական խորհուրդը հունիսի 23-ին Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում որոշում է կայացրել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի թեկնածուի կարգավիճակի մասին։

Այս որոշմամբ՝ Ուկրաինային և Մոլդովային կտրվի թեկնածու երկրի կարգավիճակ, Վրաստանին կտրվի եվրոպական հեռանկար և պայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։