Պահանջում են ուժեղացնել Վրաստանին տրված հանձնարարականների կատարման վերահսկողությունը

Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Եվրահանձնաժողովին խնդրելով ուժեղացնել Վրաստանին տրված հանձնարարականների կատարման վերահսկողությունը։

ՀԿ-ները նշել են, որ 2022 թվականի հունիսի 23-24-ին Եվրոպական խորհուրդը պատմական որոշում է կայացրել՝ Վրաստանին եվրոպական հեռանկար ու պոտենցիալ թեկնածուի կարգավիճակ շնորհելով, ինչը զգալի խթան է հաղորդել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։

Ըստ ՀԿ-ների՝ թեկնածուի կարգավիճակ տալու նախադրյալը 12 հանձնարարականների կատարումն է, ինչը մեծ ազդեցություն կունենա Վրաստանի ժողովրդավարացման գործընթացի վրա։ Նրանց կարծիքով՝ դրանով զգալիորեն կհաղթահարվեն երկրի առջև ծառացած կառուցվածքային խնդիրները, որոնք կապված են դատական ​​անկախության, մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի, պետական ​​ինստիտուտների անկախության, գենդերային հավասարության հետ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Վրաստանի քաղաքացիական հասարակությունը վճռականորեն աջակցում է երկրի եվրաինտեգրմանը: Ըստ նրանց՝ եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացը կարևոր գործիք է կառավարության հաշվետվողականության բարձրացման համար, և իրենք կարծում են, որ առաջարկությունների կատարման համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխող ուժը:

«Մի կողմից Վրաստանի կառավարությունը հայտարարում է, որ կկատարի  հանձնարարականները, որոնք տրվել են որպես անդամության կարգավիճակ ստանալու նախապայման։ Մյուս կողմից, հասարակության մեջ մեծ բանավեճի առարկա է, թե արդյո՞ք Վրաստանի կառավարության կայացրած որոշումներն իրականում Վրաստանին կշնորհեն Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ, քանի որ այս փուլում իշխանությունը կարծես թե չունի այդ պատշաճ քաղաքական կամքը և պատրաստակամությունը՝ լիարժեք կյանքի կոչելու 12 առաջարկությունները»,- նշված է տարածված հաղորդագրությունում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Եվրահանձնաժողովին խնդրում են, ի լրումն Վրաստանի մասով ընդլայնման վերաբերյալ ծրագրված զեկույցի, դիտարկել նաև մինչև 2023 թվականի մարտ ամիսը միջանկյալ զեկույց պատրաստելու հնարավորությունը:

Հայտարարությունը ստորագրել են հետևյալ ՀԿ-ները.

  • «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI)
  • Բաց հասարակական հիմնադրամ
  • Ժողովրդավարության պահապաններ
  • Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոն
  • Եվրոպական-վրացական ինստիտուտ
  • Կանայք հանուն ընդհանուր ապագայի-Վրաստան (WECF)
  • ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամ
  • Մարդու իրավունքների կենտրոն և այլն:

Նշենք, որ Եվրոպական խորհուրդը հունիսի 23-ին Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում որոշում է կայացրել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի թեկնածուի կարգավիճակի մասին։

Այս որոշմամբ՝ Ուկրաինային և Մոլդովային կտրվի թեկնածու երկրի կարգավիճակ, Վրաստանին կտրվի եվրոպական հեռանկար և պայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։