Դատական գործընթացի ձգձգումը սպառնում է Սաակաշվիլիի առողջությանը․ Դեգնան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի գործով  դատական նիստերի ձգձգումները նրա առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացնում:

«Միացյալ Նահանգները հետևում է Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ զարգացումներին: Նման հանգամանքներում դատավարության ձգձգում չէինք սպասում, հատկապես, երբ իրավիճակն  արտակարգ է, վերաբերում է մարդու առողջությանն ու բարեկեցությանը: Դատական գործընթացի ձգձգումը սպառնում է նրա առողջությանը», — ազգային արխիվ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է դեսպանը։

Նշենք, որ Քրեակատարողական ծառայությունը դեկտեմբերի 14-ի նիստում «համապատասխան տեխնիկական միջոցների» բացակայության պատճառով չի ապահովել Սաակաշվիլիի տեսակապը, ինչի արդյունքում նախկին նախագահը կրկին հացադուլ է հայտարարել։

Սաակաշվիլին արդեն երրորդ հացադուլն է հայտարարում շուրջ մեկ տարվա կալանավորման ընթացքում։

Նրա գործով դատական նիստը հետաձգվել է, այն տեղի կունենա դեկտեմբերի 22-ին։