Եվրախորհրդարանը աջակցում է Վրաստանի թեկնածությանը՝ պայմանները կատարելուց հետո

Եվրախորհրդարանն այսօր բանաձև է ընդունել, որը կոչ է անում Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ, ինչպես նաև աջակցել Վրաստանի եվրոպական հեռանկարին։

Բանաձևին կողմ է քվեարկել 529 պատգամավոր, դեմ՝ 45, ձեռնպահ՝ 14։

Փաստաթղթում խորհրդարանականները Եվրախորհրդին կոչ են անում Ուկրաինային և Մոլդովային անհապաղ տրամադրել ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Նույնը խորհուրդ է տրվում Վրաստանին, երբ նրա կառավարությունը կկատարի Եվրահանձնաժողովի պահանջած առաջնահերթությունները:

Եվրախորհրդարանը նաև նշում է, որ ԵՄին անդամակցելու «արագ ճանապարհ» չկա, և ԵՄ մուտք գործելը պահանջում է անդամակցության չափանիշների կատարում և կախված է բարեփոխումների արդյունավետ իրականացումից։

Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, սակայն այն հաշվի կառնվի Եվրոպական խորհրդի կողմից հինգշաբթի օրը վերջնական որոշում կայացնելիս։ Այսօր ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել էր, որ ԵՄ առաջնորդները կաջակցեն Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, իսկ Վրաստանի դեպքում՝ կտրվեն պայմաններ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրոպական խորհրդի նիստից առաջ վստահություն էր հայտնել, որ եվրոպական խորհուրդը թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային և Մոլդովային։