Վրաստանի առաջին դեմքերը շնորհավորել են Ջո Բայդենին

Վրաստանի առաջին դեմքերը շնորհավորել են Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահ դառնալու կապակցությամբ:

Երեկ՝ հունվարի 20-ին, Վաշինգտոնում տեղի ունեցած նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո վարչապետ Գիորգի Գախարիան իր Թվիթերյան պաշտոնական էջում շնորհավորել է Բայդենին և նշել, որ Վրաստանը անհամբեր սպասում է համագործակցության ընդլայնման հաջորդ փուլին:

«Շնորհակալ ենք, ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության մեջ տարիներ շարունակ ձեր առաջատար դերի համար», — գրում է Վրաստանի վարչապետը:

Նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին շնորհավորել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, որը նույնպես պատրաստակամություն է հայտնել հաստատել նոր՝ ավելի սերտ կապեր ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ:

Բայդենին երդմնակալության արարողությունից հետո շնորհավորել են նաև Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին և  «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և մաղթել հաջողություններ առաջիկա տարիների կառավարման ընթացքում: