Լեհաստանը ՆԱՏՕ-ին առաջակում է քննարկել Վրաստանի անվտանգության հարցը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսի հետ Բուխարեստում կայացած համատեղ ասուլիսում ասել է, որ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հատուկ ուշադրություն պետք է դարձնել Ուկրաինայում և Վրաստանում տիրող իրավիճակին»։

Ըստ Լեհաստանի նախագահի՝ Ուկրաինայի և Վրաստանի համար անվտանգության հարցը սկզբունքային նշանակություն ունի, այդ իսկ պատճառով պետք է անցկացվեն ՆԱՏՕ-Ուկրաինա և ՆԱՏՕ-Վրաստան կոմիտեների նիստեր։

Դուդան խոսել է նաև Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական հեռանկարի մասին։

«Այս երկրներին պետք է օգնություն ցուցաբերվի, այն հատկապես անհրաժեշտ կլինի Ուկրաինային, քանի որ նա պատերազմից հետո վերակառուցման կարիք կունենա»,- ասել է Դուդան։

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսն էլ իր հերթին նշել է, որ Ռումինիան և Լեհաստանը աջակցում են Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի Եվրամիության ինտեգրմանը։