Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է բանտերում իր ներկայացուցիչների վրա հարձակումների մասին

Վրաստանում նոր սկանդալ է հասունանում: Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է քրեակատարողական հաստատություններում տիրող իրավիճակին, դիմել է դատախազություն ու իրավապաշտպան մարմիններին՝ խնդիրը հետաքննելու նպատակով:

Արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում Նինո Լոմջարիան  հայտարարել է, որ բանտերում նրա ներկայացուցիչների վրա պարբերաբար հարձակվում են  բանտի վարչության ու «նայողների» կողմից կառավարվող խմբերը: Լոմջարիան ասել է՝ բանտերը կառավարվում են հանցավոր աշխարհի կողմից:

«Այս ապօրինի գործողությունների նպատակը բանտարկյալնհերի հետ մեր հաղորդակցությանն ու բանտի տարածքում մոնիթորինգ իրականացնելուն խոչընդոտելն է»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Լոմջարիան այս իրադարձությունները կապել է վերջին հաշվետվության հետ, որտեղ նշված է՝ «թվացող խաղաղություն» քրեակատարողական հաստատություննեհրում պահպանվում է «նայողների» թեթև ձեռքով:

«Նշված հաշվետվությունից հետո Հանրային պաշտպանի վրա հանրային հարձակումներ են տեղի ունեցել, ինչպես նաև ապօրինի գործողություններ Արդարադատության նախարարի ու քրեակատարողական ծառայության կողմից: Այս ամենն ավարտվել է նրանով, որ հանրային պաշտպանի ներկայացուցիչների համար բարդացել է քրեակատարողական հիմնարկ մտնելն ու այնտեղ աշխատելը, իսկ հետագայում  պարբերաբար հարձակումներ են արձանագրվել: Քրեակատարողական հիմնարկներ այցելելը վտանգավոր է դարձել»։

Քրեակատարողական ծառայությունը հերքում է մեղադրանքները

Ժամեր անց հարցին անդրադարձել է նաև Քրեակատարողական ծառայությունը՝ անհիմն  կոչելով Մարդու իրավունքների պաշտպանի մեղադրանքները:

Քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ իրենք ամեն կերպ նպաստում  են, որ Օմբուդսմենի աշխատակիցներն աշխատեն: Ըստ ծառայության՝ նրանք որևէ լծակ չունեն՝ սահմանափակելու օմբուդսմենի մոնիթորինգի աշխատանքը:

«Եթե որևէ բանտում բանտարկյալներն իրենց դժգոհությունն են արտահայտել, ապա դա միայն նրանց տրամադրվածություններն են և կապ չունեն Քրեակատարողական ծառայության վարչության հետ»,- նշված է ծառայության տարածած հայտարարության մեջ:

Նշվածի հետ կապված միասնական հայտարարություն են տարածել Վրաստանում գործող չորս հասարակական կազմակերպություն: ՀԿ-ներն իրենց աջակցությունն են հայտնել օմբուդսմենին և  հայտարարել, որ համապատասխան կառույցները պետք է հետաքննություն սկսեն օմբուդսմենի հայտարարության հիման վրա: